ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 16 հոկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ.Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի եւ 21(1) հոդվածի, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին 2001 թվականի մայիսի 6-ին Կահիրեում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։ Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։ Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 6ին Կահիրեում՝ Կողմերի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատելու նպատակով։

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետեւյալ պարտավորությունները. տրամադրել մյուս Կողմի նշանակած ավիաընկերությանը, մասնավորապես, հետեւյալ իրավունքները.
ա) առանց վայրէջքի թռիչքներ կատարել իր տարածքով,
բ) ոչ առեւտրային նպատակով վայրէջք կատարել իր տարածքում՝ սույն համաձայնագրի հավելվածում նշված կետերում,
գ) օգտվել բոլոր ավիաուղիներից, օդանավակայաններից եւ այլ միջոցներից,
դ) նշանակել մեկ կամ մի քանի ավիաընկերություն՝ սահմանված երթուղիներով համաձայնեցված ծառայություններ իրականացնելու համար,
ե) հետ վերցնել գործունեության թույլտվությունը, կասեցնել նշանակված ավիաընկերության կողմից սույն համաձայնագրի 3րդ հոդվածով նախատեսված իրավունքների իրականացումը. յուրաքանչյուր օդանավակայանից օգտվելու վճարները եւ այլ գանձումները կատարել Պայմանավորվող կողմի հաստատած գներին եւ սակագներին համապատասխան. նշանակած ավիաընկերության կողմից համաձայնեցված ծառայություններ իրականացնելիս հաշվի առնել մյուս Կողմի նշանակած ավիաընկերության շահերը. ազատել բոլոր մաքսատուրքերից եւ այլ գանձումներից Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող օդանավերը, դրանց հիմնական սարքավորումները եւ պաշարները, անհրաժեշտ օգնություն ցույց տալ քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն սպառնացող վտանգների կանխման գործում։

3. Համաձայնագրով նախատեսվում են նաեւ համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի լուծման, համաձայնագրի փոփոխման, դրա ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները։ Համաձայնագիրն ունի հավելված, որով սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից օգտագործվող երթուղիները։

4. Համաձայնագիրը համահունչ է Միջազգային քաղաքացիական ավիացիային վերաբերող՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944թ. դեկտեմբերի 7ին Չիկագոյում ստորագրված, «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» 1971թ. սեպտեմբերի 23ին Մոնրեալում ստորագրված եւ այլ կոնվենցիաների դրույթներին։ Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին 2001 թվականի մայիսի 6ին Կահիրեում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 327

print page Տպել էջը