ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1977 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԿԱՐԳԻ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 19 հոկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 եւ 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1977 թվականի մայիսի 18-ին Ժնեւում ստորագրված՝ Շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների ռազմական կամ այլ կարգի թշնամական օգտագործումն արգելելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Այվազյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն կոնվենցիան ստորագրվել է 1977 թվականի մայիսի 18-ին Ժնեւում եւ նպատակաուղղված է մարդ-բնություն փոխհարաբերությունը բարելավելուն եւ կատարելագործելուն՝ ռազմականացված հասարակության պայմաններում:

Կոնվենցիայով սահմանվում են դրույթներ, որոնք արգելում են շրջակա միջավայրի վրա ազդեցության տեխնիկական միջոցների ռազմական օգտագործումը՝ նպատակ ունենալով վերացնել նման օգտագործումից մարդկությանն սպառնացող վտանգը, օգտագործել այդ միջոցները խաղաղ նպատակներով:

Մասնավորապես, կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են չներքաշվել լայնածավալ, երկարատեւ կամ ծանր ազդեցություն ունեցող՝ շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների ռազմական կամ այլ կարգի թշնամական օգտագործման մեջ, ինչպիսիք են ավերման, կործանման կամ վնասման միջոցները որեւէ այլ մասնակից պետության նկատմամբ:

Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են նաեւ չաջակցել, չխրախուսել, չդրդել որեւէ պետության, պետությունների խմբի կամ միջազգային կազմակերպության՝ ներգրավվելու կոնվենցիայի դրույթներին հակասող գործողությունների մեջ:

Կոնվենցիայի դրույթները չեն արգելում խաղաղ նպատակներով շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների օգտագործումը:

Համաձայն կոնվենցիայի՝ մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իր սահմանադրական գործընթացին համապատասխան ձեռնարկել ցանկացած միջոց, որն անհրաժեշտ կհամարի իր իրավազորության կամ վերահսկողության ներքո գտնվող ցանկացած վայրում արգելելու եւ կանխելու համար կոնվենցիայի դրույթները խախտող ամեն մի գործողություն:

Կոնվենցիայի անբաժանելի մասն է կազմում դրա հավելվածը, որում սահմանված են փորձագետների խորհրդատվական կոմիտեի գործառույթներն ու կանոնակարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1977 թվականի մայիսի 18-ին Ժնեւում ստորագրված՝ Շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների ռազմական կամ այլ կարգի թշնամական օգտագործումն արգելելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 329

print page Տպել էջը