ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 23 հոկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Լ. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Մկրտչյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա պայմանագիրն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 26-ին՝ Երեւանում։ Պայմանագրի նպատակն է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը։

2. Պայմանագրով Կողմերն ստանձնում են հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- նպաստել սպառազինությունների սահմանափակման եւ զինաթափման գործընթացի շարունակմանը, միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում Միավորված ազգերի կազմակերպության դերի ամրապնդմանը, Եվրոպայում կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծմանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի խաղաղարար դերի ամրապնդման մեխանիզմների եւ ինստիտուտների հաստատմանը,

- գործադրել բոլոր հնարավոր ջանքերն իրենց շահերը շոշափող իրավիճակների խաղաղ կարգավորմանն աջակցելու համար,

- ձեռնպահ մնալ մյուս Բարձր պայմանավորվող կողմի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողության կամ միջոցառման մասնակցելուց կամ դրան աջակցելուց եւ թույլ չտալ, որ իր տարածքն օգտագործվի ի վնաս մյուս Բարձր պայմանավորվող կողմի անվտանգության շահերի,

- իրականացնել համագործակցություն ազգային անվտանգության եւ պաշտպանության բնագավառներում,

- զարգացնել համագործակցությունը մաքսային գործի, ռազմական եւ երկակի նշանակության նյութերի եւ տեխնոլոգիաների արտահանման ու ներմուծման նկատմամբ հսկողության բնագավառում,

- երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում՝ բելառուս ազգային փոքրամասնությանը եւ Բելառուսի Հանրապետությունում հայ ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց իրավունքը՝ անհատապես կամ կոլեկտիվ ազատորեն արտահայտելու, պահպանելու եւ զարգացնելու իրենց էթնիկական, մշակութային կամ լեզվական ինքնատիպությունը՝ չենթարկվելով բռնաձուլման որեւէ փորձի,

- ձեռնարկել համապատասխան միջոցներ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ազգային, ռասայական, էթնիկական, մշակութային կամ կրոնական անհանդուրժողականության, թշնամության, ատելության կամ խտրականության վրա հիմնված ցանկացած գործողությունների կանխման եւ խափանման համար,

- նպաստել իրենց ժողովուրդների միջեւ բարեկամության հետագա ամրապնդմանը եւ իրենց քաղաքացիների միջեւ կապերի ընդլայնմանը,

- զարգացնել համագործակցությունը տնտեսության, գիտության եւ տեխնիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, ինֆորմատիկայի եւ այլ բնագավառներում,

- իրականացնել գիտատեխնիկական տեղեկատվության լայն փոխանակում,

- համագործակցել իրավախախտումների դեմ պայքարի միջոցառումներում։

3. Պայմանագրի դրույթների իրագործումն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերով անհրաժեշտության դեպքում Բարձր պայմանավորվող կողմերը կկնքեն առանձին երկկողմ պայմանագրեր։

Պայմանագրով նախատեսվում է նաեւ պայմանագրի մեկնաբանման եւ կիրառման հետ կապված վեճերի լուծման, դրա ուժի մեջ մտնելու կարգը։

4. Պայմանագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 9, 10, 11 հոդվածների դրույթներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին 2001 թվականի մայիսի 26-ին Երեւանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 330

print page Տպել էջը