2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի «ՏԱՐԲԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՃԵՐ ՔՆՆԵԼԻՍ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՉԱՓԻ ԵՎ ԴՐԱ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 9 նոյեմբերի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2001 թվականի հունիսի 1-ին Մինսկում ստորագրված՝ 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Տարբեր պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջեւ տնտեսական վեճեր քննելիս պետական տուրքի չափի եւ դրա գանձման կարգի մասին» համաձայնագրի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա Արձանագրությունն ստորագրվել է 2001թ. հունիսի 1-ին Մինսկում՝ 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Տարբեր պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջեւ տնտեսական վեճեր քննելիս պետական տուրքի չափի եւ դրա գանձման կարգի մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածում փոփոխություն կատարելու նպատակով:
Ըստ այդ փոփոխության՝ այսուհետ վեճեր լուծելիս տարբեր պետությունների տարածքներում գտնվող տնտեսավարող սուբյեկտների իրավունքների եւ օրինական շահերի դատական պաշտպանության համար սահմանվում են պետության դատարան դիմելիս պետական տուրքի նոր դրույքաչափեր: Դրույքաչափերը, որոնց սանդղակն ամրագրված է Արձանագրության մեջ, ուղղված են մասնակից պետությունների համար հավասար հնարավորության ապահովմանը:
Արձանագրությամբ նախատեսվում են նաեւ ոչ գույքային բնույթի հայցադիմումներից գանձվող պետական տուրքի դրույքաչափը եւ գանձման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2001 թվականի հունիսի 1-ին Մինսկում ստորագրված՝ 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Տարբեր պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջեւ տնտեսական վեճեր քննելիս պետական տուրքի չափի եւ դրա գանձման կարգի մասին» համաձայնագրի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
Վ.
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
9 նոյեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 334