ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ, ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 13 նոյեմբերի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալության պետ Ա. Ազիզյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Կատարողների, հնչյունագրեր արտադրողների եւ հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պահպանության մասին 1961 թվականի հոկտեմբերի 26-ին Հռոմում
ստորագրված միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Ազիզյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 1961 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Հռոմում։ Կոնվենցիայի նպատակն է պահպանել կատարողների, հնչյունագրեր արտադրողների եւ հեռարձակող կազմակերպությունների իրավունքները։
2. Կոնվենցիայով յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է կատարողներին, հնչյունագրեր արտադրողներին եւ հեռարձակող կազմակերպություններին տրամադրել ազգային մոտեցում, եթե առկա է կոնվենցիայով նախատեսված պայմաններից որեւէ մեկը։
Կոնվենցիան սահմանում է յուրաքանչյուր Մասնակից պետության կատարողներին, հնչյունագրեր արտադրողներին եւ հեռարձակող կազմակերպություններին ազգային մոտեցում տրամադրելու պայմանները։
Կոնվենցիայով նախատեսվում են. պահպանվող կատարումները, հնչյունագրերը եւ հեռարձակումները, ինչպես նաեւ կատարողների, հնչյունագրեր արտադրողների եւ հեռարձակող կազմակերպությունների իրավունքները։
Կոնվենցիան բովանդակում է նաեւ դրույթներ տրամադրվող պահպանության նվազագույն տեւողության, թույլատրված բացառությունների, հատուկ սահմանափակումների, վերապահումների, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, այն վերանայելու, վեճերի կարգավորման եւ այլ հարցերի վերաբերյալ։
3. Կոնվենցիայով ստեղծվում է միջկառավարական կոմիտե, որն ուսումնասիրելու է կոնվենցիայի կիրառման եւ գործողության հետ կապված հարցերը։
4. Կոնվենցիան ստորագրելիս Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հայտարարագիր կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 16-րդ հոդվածի 1-ին կետով ընձեռված հնարավորություններից օգտվելու մասին։
5. Կոնվենցիան կարող է նպաստել ազգային մշակույթի եւ արվեստի զարգացմանը։ Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9, 36 հոդվածների դրույթներին։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Կատարողների, հնչյունագրեր արտադրողների եւ հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պահպանության մասին 1961 թվականի հոկտեմբերի 26-ին Հռոմում ստորագրված միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
Վ.
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
13 նոյեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 336