ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 16 նոյեմբերի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) եւ 56 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, կրթական եւ մշակութային բնագավառներում համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Թ. Մարգարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի հուլիսի 26-ին Երեւանում՝ առեւտրական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, կրթական եւ մշակութային բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողով ստեղծելու նպատակով:
Համաձայնագրի ստորագրման հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջեւ 1995թ. դեկտեմբերի 14-ին Նյու Դելիում ստորագրված՝ «Բարեկամության եւ համագործակցության մասին» պայմանագիրը:
2. Համաձայնագրով կանոնակարգվում են հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նպատակները, Կողմերից Հանձնաժողովի անդամներ եւ նախագահներ նշանակելու կարգն ու պայմանները, Հանձնաժողովի նիստեր գումարելու, ինչպես նաեւ նիստերի ծրագրի եւ նախնական օրակարգի համաձայնեցման ընթացակարգը:
3. Համաձայնագրով սահմանվում են Հանձնաժողովի որոշումների ընդունման, վերջիններիս ուժի մեջ մտնելու եւ լիազորված մարմինների հաստատմանը ներկայացնելու, ինչպես նաեւ Հանձնաժողովի նիստերի արդյունքների ու որոշումների ընդունման կարգը եւ դրանց իրագործման նպատակով ժամանակավոր ու մշտական մարմիններ ստեղծելու, Հանձնաժողովի գործունեության հետ կապված կազմակերպչական խնդիրներ լուծելու կարգը:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է անմիջական ֆինանսական պարտավորություններ՝ կապված ՀՀ տարածքում Հանձնաժողովի նիստերի անցկացման եւ նրա մշտական ու ժամանակավոր մարմինների գործունեության հետ կապված ծախսեր կրելու հետ:
5. Համաձայնագրում նախատեսված են նաեւ դրույթներ համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետի եւ դադարեցման վերաբերյալ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2001 թվականի հուլիսի 26-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, կրթական եւ մշակութային բնագավառներում համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
Վ.
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
16 նոյեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 337