ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ 2001-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 16 նոյեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի միջեւ 2001-2010 թվականների տնտեսական համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն պայմանագիրն ստորագրվել է Կիեւում՝ 2001 թվականի մարտի 1-ին:

Պայմանագրի նպատակն է Կողմերի իրավահավասար եւ փոխշահավետ առեւտրատնտեսական եւ արտադրողական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման, երկու պետությունների տնտեսական ու գիտատեխնիկական ներուժի արդյունավետ օգտագործման ճանապարհով նպաստել տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ստեղծել անհրաժեշտ պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի փուլային անցման համար:

Սույն պայմանագրի անբաժանելի մասն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի միջեւ երկարաժամկետ տնտեսական համագործակցության 2001-2010թթ. միջպետական ծրագիրը, որի կատարումը պետք է համակարգվի եւ վերահսկվի Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի կողմից:

Պայմանագրի համաձայն՝ Կողմերը պարտավորվում են տնտեսական համագործակցություն իրականացնել տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձեւից եւ ենթակայությունից) միջեւ փոխգործակցության միջոցով՝ պահպանելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը եւ ազգային օրենսդրությունը:

Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագրով ստանձնված պարտավորություններն ամբողջությամբ բխում են տնտեսական գործունեության ազատության եւ միջպետական հարաբերությունների հաստատման, զարգացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 եւ 9 հոդվածներում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի միջեւ 2001-2010 թվականների տնտեսական համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

16 նոյեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 338

print page Տպել էջը