ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱ-ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 16 նոյեմբերի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելգիա–Լյուքսեմբուրգ տնտեսական միության միջեւ ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության մասին 2001 թվականի հունիսի 7-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի հունիսի 7-ին՝ Բրյուսելում:
Համաձայնագրի նպատակը տնտեսական համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումն է, ինչպես նաեւ ներդրումների փոխադարձ խրախուսումը եւ պաշտպանությունը։
2. Համաձայնագրով կարգավորվում են ներդրումների պահպանման, օգտագործման, տնօրինման եւ այլ հարցեր, որոնց նկատմամբ չի կարելի կիրառել անարդար եւ խտրական միջոցներ, ինչպես նաեւ սահմանվում է, որ Կողմերն իրենց տարածքներում միմյանց ներդրողների ներդրումների խրախուսման համար կստեղծեն եւ կապահովեն տնտեսական եւ իրավական նպաստավոր պայմաններ։
3. Համաձայնագիրը երաշխավորում է Կողմի ներդրողներին համապատասխան ֆինանսական պարտավորությունների կատարումից հետո ներդրումների հետ կապված բոլոր միջոցների ազատ փոխանցումը։
4. Համաձայնագիրը նախատեսում է առանձին դեպքերում՝ օրենքի հիման վրա, համարժեք փոխհատուցմամբ, սեփականության օտարման հնարավորություն։
5. Համաձայնագրով սահմանված է նաեւ ներդրումների հետ առնչվող վեճերի լուծման կարգը։
6. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են նեդրողների ներդրումների նկատմամբ կիրառել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան իր սեփական կամ երրորդ պետության ներդրողի ներդրումների նկատմամբ։
7. Համաձայնագիրը կոչված է նպաստելու հայ–բելգիալյուքսեմբուրգյան միջպետական տնտեսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը եւ համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9 եւ 28 հոդվածների դրույթներին։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելգիա-Լյուքսեմբուրգ տնտեսական միության միջեւ ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության մասին 2001 թվականի հունիսի 7-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
Վ.
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
16 նոյեմբերի 2001 թվականի
ՍԴՈ -339