ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 25 դեկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21 եւ 56 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի մայիսի 25-ին Երեւանում ստորագրված՝ «1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի մասնակից պետությունների հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կազմավորման ու գործառնության կարգի մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 25-ին Երեւանում՝ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կազմավորման ու գործառնության, այդ ոլորտում համագործակցության հիմքերի ամրապնդման նպատակով։

2. Արձանագրությունը բխում է 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրից։ Արձանագրության ընդունումը պայմանավորված է պայմանագրի մասնակից պետությունների հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կազմավորման ուղղությամբ հետագա գործնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ եւ կառուցված է հավաքական անվտանգության համակարգի կազմավորման տարածաշրջանային սկզբունքի ու ռազմական անվտանգության բնագավառում կնքված երկկողմ համաձայնագրերի վրա։

3. Արձանագրությունը, պահպանելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները եւ հաստատելով անվտանգության ու վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ Կողմերի պայմանագրային պարտավորությունները, սահմանում է զորքերի եւ միավորված համակարգերի տարածաշրջանային խմբավորումների հասկացությունն ու կազմը, դրանց կազմավորման, օպերատիվ եւ մարտական պատրաստության, համալրման եւ նյութատեխնիկական ապահովման կարգը, առաջադրվող խնդիրները եւ կիրառման պայմանները։ Արձանագրությամբ սահմանվում է նաեւ զորքերի եւ միավորված համակարգերի տարածաշրջանային խմբավորումների կառավարման ու սպասարկման մարմինների կարգավիճակը։

4. Արձանագրության մեջ ամրագրված փոխադարձ օգնության վերաբերյալ դրույթները Կողմերին պարտավորեցնում են արտաքին ագրեսիայի սպառնալիքի դեպքում միմյանց ռազմական օգնություն եւ աջակցություն ցուցաբերել։

5. Արձանագրությամբ հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների, դրանց պատրաստության, կիրառման եւ համակողմանի ապահովման խնդիրներն ազգային մակարդակով լուծելու համար լիազորված մարմինները պայմանագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարություններն են եւ զինված ուժերի գլխավոր շտաբները։

6. Արձանագրության դրույթները համահունչ են ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածով նախատեսված՝ պետությունների ինքնապաշտպանության իրավունքին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001 թվականի մայիսի 25-ին Երեւանում ստորագրված՝ «1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի մասնակից պետությունների հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կազմավորման ու գործառնության կարգի մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25 դեկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ - 343

print page Տպել էջը