ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 29 հունվարի 2002թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 (1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ռուսաստանյան ռազմական խորհրդականներին եւ մասնագետներին Հայաստանի Հանրապետություն գործուղելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001թ. սեպտեմբերի 14-ին՝ Երեւանում, որի նպատակը պաշտպանության բնագավառում համաձայնեցված քաղաքականության իրականացումն ու Կողմերի միջեւ անվտանգության ապահովման գործում փոխգործակցությունն է:
2. Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են.
- Հայկական կողմի խնդրանքով Հայաստանի Հանրապետություն գործուղել ռուսաստանյան ռազմական խորհրդականների եւ մասնագետների,
- ապահովել ռուսաստանյան ռազմական խորհրդականների եւ մասնագետների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների անվտանգությունը,
- առանձին կնքվող պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ազատել ռուսաստանյան ռազմական խորհրդականներին եւ մասնագետներին եկամտահարկից, իսկ նրանց ընտանիքների անդամներին՝ ներմուծման, արտահանման հարկերից, մաքսային տուրքերից եւ այլ պարտադիր վճարներից,
- ապահովել ռուսաստանյան ռազմական խորհրդականների եւ մասնագետների՝ Հայաստանի Հանրապետություն գործուղվելու եւ աշխատանքի պայմանների, համաձայնագրի կատարման հետ կապված գրագրության ու տեղեկատվության գաղտնիությունը,
- ապահովել պետական գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող տեղեկատվության պաշտպանության միատեսակ մակարդակ՝ չտրամադրելով այդպիսի տեղեկատվություն երրորդ կողմին՝ առանց մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնության:
3. Կողմերը հստակեցրել են նաեւ համաձայնագրի մեկնաբանման եւ կատարման հետ կապված հարցերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի երկարաձգման եւ դադարման կարգը:
4. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Կողմերի միջեւ ապահովում են համաձայնեցված եւ բարիդրացիական քաղաքականության իրականացում ռազմական բնագավառում, ուղղված չեն երրորդ պետությունների կամ անձի իրավունքների ու ազատությունների դեմ, բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներից եւ համապատասխանում են Հայաստանի Հանրապետության, որպես ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության, սահմանադրաիրավական հիմնական սկզբունքներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ռուսաստանյան ռազմական խորհրդականներին եւ մասնագետներին Հայաստանի Հանրապետություն գործուղելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
29 հունվարի 2002 թվականի
ՍԴՈ - 345