ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 29 հունվարի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի Հանրապետության միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ծանոթանալով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի գրավոր բացատրություններին, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի օգոստոսի 28-ին Բեյրութում՝ Կողմերի պաշտպանական ներուժերի ամրապնդման նպատակով։

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- համագործակցություն իրականացնել ռազմական, գիտատեխնիկական հետազոտությունների, ռազմական գիտության եւ կրթության, սպառազինության, ռազմական եւ հատուկ տեխնիկայի արտադրության ու մատակարարման եւ այլ բնագավառներում,

- կատարել ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված գործունեության իրականացման ծախսերը,

- ապահովել տեղեկատվության պաշտպանությունը՝ համաձայն տեղեկատվությունը տրամադրող Կողմի սահմանած գաղտնիության աստիճանի,

- համաձայնագրի դրույթներն իրականացնել միջազգային իրավունքի նորմերին եւ իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան։

3. Կողմերի լիազորված մարմինները, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր տարի մշակելու են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր։

Համաձայնագրով նախատեսվում են նաեւ համագործակցության ձեւերը, վիճելի հարցերի լուծման, համաձայնագրի փոփոխման եւ լրացման, դրա ուժի մեջ մտնելու կարգը։

4. Համաձայնագիրը հիմնված է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման, իրավահավասար ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման սկզբունքների վրա:

Այն բխում է 1997թ. հոկտեմբերի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին համաձայնագրի դրույթներից:

Համաձայնագիրը կոչված է նպաստելու երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառներում փոխադարձ վստահության, հավասարության եւ փոխշահավետության հիման վրա համագործակցության զարգացմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001 թվականի օգոստոսի 28-ին Բեյրութում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի Հանրապետության միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 հունվարի 2002 թվականի
ՍԴՈ - 346

print page Տպել էջը