2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 29 հունվարի 2002թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռ. Շառոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2001 թվականի օգոստոսի 24-ին Բելգրադում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դաշնային կառավարության միջեւ կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Ծանոթանալով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրություններին, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի օգոստոսի 24-ին Բելգրադում՝ երկու երկրների միջեւ կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում համագործակցությունը խորացնելու նպատակով։
2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.
- խրախուսել կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում երկու երկրների պետական մարմինների, հաստատությունների եւ այլ կազմակերպությունների միջեւ ուղղակի համագործակցությունը,
- աջակցել կրթության բնագավառի փորձագետների, դասախոսների, ասպիրանտների, ուսանողների փոխանակմանը։ Փոխադարձության հիմունքներով հատկացնել կրթաթոշակներ իրենց երկրի բարձրագույն կրթական եւ գիտական հաստատություններում մյուս երկրի ուսանողներին, ասպիրանտներին եւ դասախոսներին,
- աջակցել երկու երկրների ժողովուրդների լեզվի, գրականության, մշակույթի փոխադարձ ուսումնասիրությանը,
- փոխանակել տեղեկատվություն եւ փաստաթղթեր վկայագրերի, գիտական աստիճանների եւ կոչումների համարժեքության ճանաչման վերաբերյալ։
Համաձայնագրով նախատեսվում է նաեւ դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու կարգը։
3. Համաձայնագիրը կոչված է փոխադարձության հիմունքներով նպաստելու երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը եւ հիմք է հանդիսանալու կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու համար։ Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9, 11 եւ 36 հոդվածների դրույթներին։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2001 թվականի օգոստոսի 24-ին Բելգրադում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դաշնային կառավարության միջեւ կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
29 հունվարի 2002 թվականի
ՍԴՈ - 347