ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 29 հունվարի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության հիդրոօդերեւութաբանության վարչության պետ Գ. Կոջոյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2001 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերեւութաբանական ցանցի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ծանոթանալով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Կոջոյանի բացատրությանը, ուսումնասիրելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մարտի 16-ին՝ Մոսկվայում։

Համաձայնագրի նպատակն է համագործակցությունը ԱՊՀ միջպետական հիդրոօդերեւութաբանական ցանցի (այսուհետ՝ ՄՀՕՑ) աշխատանքների կազմակերպման եւ դրա զարգացման բնագավառում։

ԱՊՀ ՄՀՕՑ-ի հիմնական խնդիրն է ժամանակին ապահովել հավաստի եւ լիարժեք տեղեկությունների փոխադարձ տրամադրումը՝ հիդրոօդերեւութաբանական պայմանների, մթնոլորտային օդի, մակերեւութային ջրերի բնական կամ տեխնածին բնույթի աղտոտվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների մասին։ Վերը նշված խնդրի լուծումը հնարավոր կդարձնի միջոցներ ձեռնարկել բնակչության պաշտպանության համար, ինչպես նաեւ թույլ կտա կանխարգելել արտակարգ իրավիճակների առաջացումը տնտեսության ոլորտում։

Ստորագրելով սույն համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

- աջակցել հիդրոօդերեւութաբանական ցանցերի եւ դիտարկման միջպետական համակարգի ձեւավորմանը եւ գործունեության իրավական, նորմատիվ-մեթոդական, չափաբանական, տեխնոլոգիական եւ ծրագրաապարատային ապահովմանը,

- մասնակցել համատեղ գիտատեխնիկական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը,

- ինքնուրույն ներգրավել ֆինանսական միջոցներ՝ համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար։

Ստանձնելով սույն պարտավորությունները, Կողմերը շարունակում են այն գործընթացը, որի հիմքը դրվել էր 1992 թվականի փետրվարի 8-ի՝ Հիդրոօդերեւութաբանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրով։

Համաձայնագիրը չի հակասում տվյալ ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորություններին, մասնավորապես, Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության կոնվենցիային, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1992 թ.։

Համաձայնագիրն ամրագրում է ելակետային դրույթ այն մասին, որ սույն համաձայնագրի շրջանակներում գործողություններն իրականացվում են Կողմերի օրենսդրությանը համապատասխան:

Հնարավոր հետագա փոփոխություններն ու լրացումները կատարվելու են առանձին արձանագրություններով, որոնք սույն համաձայնագրի անբաժանելի մաս կդիտվեն նույն կարգով ուժի մեջ մտնելուց հետո։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերեւութաբանական ցանցի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 հունվարի 2002 թվականի
ՍԴՈ - 348

print page Տպել էջը