ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԸ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 29 հունվարի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ մինչեւ 2010 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին պայմանագրում ամ-

րագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քննության առարկա պայմանագիրն ստորագրվել է 2001թ. սեպտեմբերի 15-ին՝ Երեւանում:

Պայմանագրի անբաժանելի մասն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ մինչեւ 2010թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը:

Պայմանագրի համաձայն՝ Կողմերի միջեւ տնտեսական համագործակցության գործընթացում պետք է ներգրավվեն երկու պետությունների տնտեսավարող սուբյեկտները՝ անկախ սեփականության ձեւից եւ ենթակայությունից:

Պայմանագիրը նախատեսում է, որ Կողմերը պետք է ձգտեն համաձայնեցնել իրենց պետությունների սոցիալ-տնտեսական վերափոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ ներդաշնակեցնեն տնտեսական գործունեության կանոնակարգման ոլորտում նորմատիվաիրավական հիմքերը:

Մասնակից պետությունները պարտավորվել են, որ կաջակցեն միմյանց տարածքներում ներդրումային ծրագրերի իրագործմանը, համատեղ ինտեգրացված կառույցների եւ ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծմանը եւ սեփականաշնորհմանը փոխադարձ մասնակցության հարցերում: Այս պարտավորությունները կիրականացվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն:

Կողմերը համաձայնել են, որ պատասխանատվություն չեն կրում տնտեսավարող սուբյեկտների պարտավորությունների համար, որոնք բխում են համաձայնագրերից եւ կոնտրակտներից՝ կնքված քննության առարկա պայմանագրի կատարման շրջանակներում դրա գործողության ընթացքում:

Ելնելով պայմանագրի առանձնահատկությունից՝ դրանում նախատեսվում է, որ Ծրագրի իրագործման ընթացքի հետ կապված հարցերի քննարկումը կատարվում է առնվազն տարին մեկ անգամ՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կողմից, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ նախկինում կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա:

Ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու դեպքում դրանք պետք է ձեւակերպվեն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող առանձին արձանագրություններով:

Պայմանագրի կնքման եւ կատարման համար ընդհանուր միջազգային իրավական հիմք են հանդիսացել 1997թ. օգոստոսի 29-ի՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրը եւ 2000թ. սեպտեմբերի 26-ի՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 21-րդ դար ուղղված դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ մինչեւ 2010 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 հունվարի 2002 թվականի
ՍԴՈ - 349

print page Տպել էջը