1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ՝ 1952 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ՝ 1963 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՈՐՈՇ ԱՅՆՊԻՍԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԱՅԼ ԵՆ, ՔԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԹԻՎ ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐԴԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾՆԵՐԸ» ԹԻՎ 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ՝ 1984 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 22 փետրվարի 2002թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1952 թվականի մարտի 20-ին Փարիզում ստորագրված արձանագրությունում, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1963 թվականի սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Որոշ այնպիսի իրավունքների եւ ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի եւ դրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները» թիվ 4 արձանագրությունում եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան, կոնվենցիայի՝ վերը նշված արձանագրությունները եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան ստորագրվել է 1950թ. նոյեմբերի 4-ին եւ ուժի մեջ է մտել 1953թ. սեպտեմբերի 3-ին: Հայաստանի Հանրապետության անունից կոնվենցիան ստորագրվել է 2001թ. հունվարի 25-ին:
Կոնվենցիայի եւ դրան կից լրացուցիչ արձանագրությունների միջոցով ձեւավորվել է մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ, որում ներառված են քաղաքացիական եւ քաղաքական, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական մի շարք իրավունքներ եւ ազատություններ:
2. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1952թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված արձանագրությունը վերաբերում է սեփականության, կրթության եւ ազատ ընտրության իրավունքների պաշտպանությանը:
3. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1963թ. սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Որոշ այնպիսի իրավունքների եւ ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի եւ դրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները» թիվ 4 արձանագրությունը վերաբերում է պարտքի համար ազատազրկման արգելմանը, տեղաշարժի ազատության պաշտպանությանը, քաղաքացիների արտաքսման արգելմանը եւ օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսման արգելմանը:
4. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1984թ. նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրությունը վերաբերում է՝ օտարերկրացիների արտաքսման ընթացակարգային երաշխիքներին, քրեական գործերով գանգատարկման իրավունքին, սխալ դատապարտման դեպքում փոխհատուցում տրամադրելուն, նույն հանցագործության համար կրկին անգամ չդատվելու եւ չպատժվելու իրավունքին, ինչպես նաեւ ամուսինների իրավահավասարությանը:
5. Քննության առարկա կոնվենցիայով եւ արձանագրություններով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.
- իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովել կոնվենցիայի 1-ին բաժնում եւ արձանագրություններում սահմանված մարդու իրավունքներն ու ազատությունները,
- պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից շեղվելու իրավունքն օգտագործելիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ամբողջությամբ իրազեկել կիրառված միջոցառումների եւ դրանց կիրառման դրդապատճառների մասին,
- որեւէ կերպ չխոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհատական գանգատ տալու՝ ցանկացած անձի, հասարակական կազմակերպության կամ անձանց խմբի իրավունքի իրականացմանը,
- կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական վճիռներն այն գործերի վերաբերյալ, որոնցում հանդես է գալիս որպես կողմ,
- Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պահանջով ներկայացնել պարզաբանումներ այն կարգի վերաբերյալ, որով ՀՀ ներպետական իրավունքն ապահովում է քննության առարկա կոնվենցիայի ցանկացած դրույթի արդյունավետ իրականացումը,
- կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ Հայաստանի Հանրապետության եւ մյուս կողմերի միջեւ ծագած վեճը գանգատի միջոցով ներկայացնել կարգավորման այն միջոցներով, որոնք նախատեսված են քննության առարկա կոնվենցիայով:
6. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. նոյեմբերի 4-ին ընդունված կոնվենցիան էապես տարբերվում է Հայաստանի Հանրապետության կողմից մինչ այժմ կնքված մյուս համընդգրկուն եւ տարածաշրջանային միջազգային պայմանագրերից եւ համաձայնագրերից նրանով, որ կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով նախատեսված՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը երաշխավորելու համար գործում է հատուկ միջազգային վերահսկողական համակարգ՝ հանձինս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի:
7. ՀՀ սահմանադրական դատարանում քննության առարկա կոնվենցիայում եւ դրան կից թիվ 1, 4 եւ 7 արձանագրություններում ամրագրված իրավունքների եւ ազատությունների զգալի մասը բովանդակային առումով համահունչ է ՀՀ մասնակցությամբ գործող այլ միջազգային փաստաթղթերում, մասնավորապես՝ 1966թ. դեկտեմբերի 16-ի՝ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի եւ դրան կից կամընտիր արձանագրության, ինչպես նաեւ 1966թ. դեկտեմբերի 16-ի՝ Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի մեջ ամրագրված իրավունքներին եւ ազատություններին:
ՀՀ Գերագույն խորհրդի 1991թ. ապրիլի 1-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը միացել է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին եւ դրան կից կամընտիր արձանագրությանը, իսկ ՀՀ Գերագույն խորհրդի 1993թ. հունիսի 9-ի որոշմամբ՝ Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրին:
8. Ուսումնասիրությունը վկայում է, որ քննության առարկա կոնվենցիայում եւ հիշյալ արձանագրություններում ամրագրված իրավունքների եւ հիմնարար ազատությունների մի մասը համահունչ է եւ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու համապատասխան իրավունքներին եւ ազատություններին, մյուս մասը ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է այլ խմբագրությամբ եւ ձեւակերպումներով, իսկ քննության առարկա կոնվենցիայում եւ արձանագրություններում ամրագրված առանձին իրավունքներ ՀՀ Սահմանադրությամբ անմիջականորեն նախատեսված չեն: Այսպես՝
8.1. Կոնվենցիայի 2, 3, 6, 11, 13, 14 հոդվածներում ամրագրված իրավունքները եւ ազատությունները համահունչ են եւ համապատասխանում են ՀՀ Սահմանադրության համապատասխանաբար՝ 17, 19, 38 եւ 39, 25 եւ 26, 38, 15 եւ 16 հոդվածներում ամրագրված իրավունքներին եւ ազատություններին.
8.2. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1952թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված արձանագրության 1, 3 հոդվածներում ամրագրված իրավունքները եւ ազատությունները համահունչ են եւ համապատասխանում են ՀՀ Սահմանադրության համապատասխանաբար՝ 8 եւ 28, 2-3 եւ 27 հոդվածներում ամրագրված իրավունքներին եւ ազատություններին.
8.3. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1984թ. նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրության 2 հոդվածի 1-ին կետում, 5 հոդվածում ամրագրված իրավունքները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության 40 հոդվածի 3-րդ մասում, 32 հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավունքներին:
9. Կոնվենցիայում եւ արձանագրություններում ամրագրված իրավունքների եւ հիմնարար ազատությունների մյուս մասը ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է այլ խմբագրությամբ եւ ձեւակերպումներով: Այսպես՝
9.1. Կոնվենցիայի 5, 7, 14, 8, 9, 10, 12, 13, 15(2), 16 հոդվածներում նշված իրավունքները եւ ազատություններն ամրագրված են ՀՀ Սահմանադրության համապատասխանաբար՝ 18, 42 (1-ին պարբ.), 15 եւ 16, 20 եւ 21, 23, 24, 32, 38, 45, 25 եւ 26 հոդվածներում՝ այլ խմբագրությամբ.
9.2. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1952թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված արձանագրության 2 հոդվածում նշված իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 35 հոդվածում՝ այլ խմբագրությամբ.
9.3. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1963թ. սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Որոշ այնպիսի իրավունքների եւ ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի եւ դրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները» թիվ 4 արձանագրության 2 հոդվածում նշված ազատությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 22 հոդվածում՝ այլ խմբագրությամբ.
9.4. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1984թ. նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրության 3 հոդվածում նշված իրավունքն առավել ընդհանրական ձեւով ամրագրված է ՀՀ Սահմանադրության 40 հոդվածի 4-րդ մասում:
10. Վերը հիշատակվող 9.1., 9.2., 9.3. եւ 9.4. կետերում նշված՝ կոնվենցիայում եւ արձանագրություններում ամրագրված իրավունքները եւ ազատությունները, չնայած համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նման իրավունքներին եւ ազատություններին, սակայն ՀՀ Սահմանադրությունը դրանց մի մասը պատվիրակում է ոչ թե ընդհանրապես մարդկանց, այլ միայն քաղաքացիներին: Դրանցից են՝ ՀՀ Սահմանադրության 15, 22 հոդվածները, 25 հոդվածի 2-րդ մասը, 26, 27, 28, 29, 31, 33, 35 եւ 37 հոդվածները:
Միաժամանակ, հիշատակվող կոնվենցիոն եւ արձանագրային նորմերը, որոնք ՀՀ Սահմանադրության մեջ շարադրված են այլ խմբագրությամբ, ինչպես բովանդակության, այնպես էլ իրավաբանական ձեւակերպման առումով համահունչ են Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, ինչպես նաեւ Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի մեջ ամրագրված նույնաբնույթ իրավունքներին եւ ազատություններին, եւ դրանք ոչ միայն չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, այլեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն ամրագրում են առավել ընդգրկուն:
11. Քննության առարկա կոնվենցիայում եւ արձանագրություններում տեղ գտած մի շարք իրավունքներ եւ ազատություններ անմիջականորեն ամրագրված չեն ՀՀ Սահմանադրության մեջ: Այսպես՝
11.1. Կոնվենցիայի 34 հոդվածում ամրագրված՝ անձանց եւ հասարակական կազմակերպությունների՝ իրենց խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով միջազգային դատարան դիմելու իրավունքը չունի իր համանման նորմը ՀՀ Սահմանադրության մեջ.
11.2. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1963թ. սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Որոշ այնպիսի իրավունքների եւ ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի եւ դրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները» թիվ 4 արձանագրության 1 հոդվածում, 2 հոդվ. 1-ին կետում, 3, 4, հոդվածներում նշված իրավունքները եւ ազատություններն ամրագրված չեն ՀՀ Սահմանադրության մեջ.
11.3. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1984թ. նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրության 1 հոդվածում, 2 հոդվ. 2-րդ կետում, 4 հոդվածում նշված իրավունքներն ամրագրված չեն ՀՀ Սահմանադրության մեջ:
12. Վերը նշված 9.1. - 9.4. կետերում հիշատակվող կոնվենցիոն եւ արձանագրային նորմերում ամրագրված՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակներն ու սկզբունքները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող նույնաբնույթ իրավահարաբերությունները կարգավորող նորմերի եւ դրույթների նպատակներին ու սկզբունքներին:
Առկա տարբերության էությունը կայանում է նրանում, որ կոնվենցիոն եւ արձանագրային նորմերը մարդու իրավունքները եւ ազատությունները պաշտպանում են ավելի լայն ընդգրկումով, քան ՀՀ Սահմանադրության հիշյալ նորմերը:
13. Չնայած կոնվենցիոն եւ սահմանադրական նորմերի միջեւ տարբերությունն ուղղված չէ ՀՀ իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքների եւ ազատությունների նպատակային սահմանափակմանը, այդուհանդերձ, առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանց միջեւ գոյություն ունի նորմատիվային բնույթի հակասություն:
Նման հարցադրումը զրկվում է որեւէ հիմքից, եթե ՀՀ ամբողջ օրենսդրական համակարգը եւ միջազգային պայմանագրային պարտավորությունները դիտվեն որպես փոխկապակցված մեկ միասնական իրավական համակարգ: Այս առումով, անվերապահ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 6 հոդվածում նախատեսված դրույթի պահանջով, այն է՝ «Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո», պետք է նաեւ, որ որպես սահմանադրաիրավական հարաբերությունները կարգավորող պարտադիր ելակետային դրույթ ընդունել ՀՀ Սահմանադրության 4 հոդվածի պահանջն այն մասին, որ՝ «Պետությունն ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության եւ օրենքների հիման վրա՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»: Նշված սահմանադրական դրույթը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է բարեխղճորեն կատարել միջազգային իրավունքի սկզբունքներից ու նորմերից բխող պարտավորությունները, այդ թվում՝ միջազգային պայմանագրային պարտավորությունները (Pacta sunt servanda):
Նշված՝ 1966թ. դեկտեմբերի 16-ի երկու դաշնագրերն էլ հանդիսանում են միջազգային համընդգրկուն փաստաթղթեր, որոնցով նախատեսված պարտավորությունները մարդու եւ քաղաքացու իրավունքների ու հիմնական ազատությունների առումով, ինչպես նաեւ դրանց հնարավոր սահմանափակումները կամ ստանձնած պարտավորություններից շեղումները Հայաստանի Հանրապետության համար ունեն պարտադիր իրավաբանական ուժ՝ անկախ այն հանգամանքից, թե Հայաստանը կվավերացնի քննարկվող կոնվենցիան եւ արձանագրությունները, թե՝ ոչ:
Այսպիսով, ՀՀ Սահմանադրության 4 եւ 43 հոդվածները, ըստ էության, նշված դաշնագրերի դրույթները ներառում են սահմանադրաիրավական հարաբերությունները կարգավորող նորմերի եւ սկզբունքների համակարգի մեջ:
Ընդունելով այս իրողությունը, միաժամանակ հարկ է արձանագրել, որ այս հանգամանքը, փաստորեն, կարող է ՀՀ Սահմանադրության 4 հոդվածի եւ 6 հոդվածի 6-րդ պարբերության միջեւ թվացյալ հակասության պատրանք ստեղծել:
Դրա բացակայությունը վկայող կարեւոր հիմք է հանդիսանում ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի դրույթն այն մասին, որ՝ «Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները եւ ազատություններն սպառիչ չեն եւ չեն կարող մեկնաբանվել որպես մարդու եւ քաղաքացու այլ հանրաճանաչ իրավունքների եւ ազատությունների բացառում»: Նշված սահմանադրական դրույթը կարող է մեկնաբանվել, որ ՀՀ քաղաքացին կամ ՀՀ իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձ կարող է ունենալ ոչ միայն Սահմանադրության մեջ չարձանագրված իրավունք կամ ազատություն, այլեւ այնպիսի իրավունքներ եւ ազատություններ, որոնք հանդիսանում են ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքների եւ ազատությունների տրամաբանական շարունակությունը կամ դրանց իրականացումն ապահովող լրացուցիչ երաշխիք:
Սույն մեկնաբանության համար հիմք է հանդիսանում նաեւ այն, որ Սահմանադրության եւ ցանկացած միջազգային պայմանագրի դրույթների հնարավոր հակասությունը ենթադրում է, որ Սահմանադրությունն ուղղակի բացառում է այն իրավունքը, որը հստակորեն սահմանված է պայմանագրով, կամ երբ Սահմանադրությունը պարտադրում է այնպիսի վարքագիծ, որը կտրականապես արգելված է պայմանագրով: Նշված իրավունքների առումով նման հակասություն առկա չէ:
ՀՀ սահմանադրական դատարանը նաեւ գտնում է, որ չնայած միջազգային հանրային իրավունքի նորմերով պետությունները կրում են միմյանց նկատմամբ պարտավորություններ, սակայն միջազգային հանրային իրավունքի համակարգում մարդու իրավունքների պաշտպանության այսօր ձեւավորված մոտեցումը հիմք է տալիս եզրակացնել, որ բազմակողմ կոնվենցիաների համակարգի
վրա հիմնված մարդու հիմնական իրավունքները եւ հիմնարար ազատություններն ավելի շատ հանդիսանում են պետությունների վարքագծի օբյեկտիվ չափորոշիչներ, քան թե նրանց փոխադարձ իրավունքներ եւ պարտականություններ: Այդ կոնվենցիաներով նախատեսված՝ պետությունների պարտավորություններն ավելի շատ ուղղված են իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց, քան թե մյուս մասնակից պետություններին: Այս առումով 1950թ. նոյեմբերի 4-ի կոնվենցիան կոչված է պետական իշխանության մարմիններից պաշտպանելու անձանց եւ հասարակական կազմակերպություններին, որը ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իրավական պետության կարեւոր հատկանիշներից է: Ընդ որում, կոնվենցիան եւ արձանագրությունները հիմնված են այնպիսի իրավունքների եւ չափորոշիչների վրա, որոնք համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ միջազգային պայմանագրերով երաշխավորված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոգուն եւ տառին:
Կոնվենցիայի ամբողջ իրավական ռեժիմը, այդ թվում նաեւ իրավունքների հնարավոր սահմանափակման սկզբունքները կառուցված են այն ելակետային դրույթի վրա, որ պետության կողմից ընդունված պարտավորություններն ուղղված են բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությանը՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան: Հետեւաբար, նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրությունը 4 հոդվածի ուժով պետությանը պարտավորեցնում է միջազգային իրավունքի սկզբունքներից ելնելով ապահովել մարդու միջազգայնորեն ճանաչված բոլոր իրավունքները եւ ազատությունները, միաժամանակ 43 հոդվածով ընդունում է, որ ՀՀ Սահմանադրությամբ թվարկված իրավունքները եւ ազատություններն սպառիչ չեն,որ մարդը եւ քաղաքացին կարող են ունենալ այլ հանրաճանաչ իրավունքներ եւ ազատություններ, եւ, հիմք ընդունելով այն, որ մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրության նորմերն ունեն ոչ թե արգելող, այլ լիազորող բնույթ, կարելի է արձանագրել, որ քննության առարկա կոնվենցիոն եւ արձանագրային նորմերը համահունչ են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերին ու սկզբունքներին:
14. 11.1. - 11.3. կետերում հիշատակվող իրավունքների եւ ազատությունների համակարգում ՀՀ միջազգային իրավական պարտավորությունների տեսակետից նոր երեւույթ պետք է դիտել քննարկվող կոնվենցիայի 34 եւ 46 հոդվածներով նախատեսվող՝ մասնակից պետությունների իրավազորության ներքո գտնվող անձանց եւ հասարակական կազմակերպությունների՝ իրենց խախտված իրավունքների պաշտպանության նպատակով միջազգային դատարան դիմելու իրավունքը, որի կայացրած վճիռները պետության համար ձեռք են բերում պարտադիր իրավաբանական ուժ:
Նման իրավունք ո°չ իր քաղաքացիների եւ ո°չ էլ իր իրավազորության ներքո գտնվող անձանց համար Հայաստանի Հանրապետությունն ուղղակիորեն չի հռչակել ո°չ իր Սահմանադրությամբ եւ ո°չ էլ ճանաչել է իր համար ներկայումս գործող միջազգային պայմանագրերով: Սակայն, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի լիազորող բնույթը եւ ՀՀ ինքնիշխան իրավունքը՝ կամավոր եւ փոխադարձության հիման վրա, հանուն միջազգային համագործակցության արդյունավետության ընդունել նման պարտավորություն, կարելի է արձանագրել, որ քննարկվող կոնվենցիայի 36 եւ 43 հոդվածներով նախատեսված պարտավորությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրության ոգուն:
Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. կոնվենցիայով եւ քննության առարկա արձանագրություններով նախատեսված պարտավորությունները համահունչ են նաեւ Եվրոպայի խորհրդի կանոնադրության 3 հոդվածով նախատեսված պարտավորությանը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավորվել է ընդունել իրավունքի գերակայության սկզբունքը եւ այն սկզբունքը, որի համաձայն յուրաքանչյուր անձ, ով գտնվում է այդ պետության իրավազորության ներքո, պետք է օգտվի մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից: Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը վավերացրել է 2000թ. դեկտեմբերի 30-ին:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում,
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1952թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված արձանագրությունում,
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1963թ. սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Որոշ այնպիսի իրավունքների եւ ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի եւ դրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները» թիվ 4 արձանագրությունում,
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 1984թ. նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
22 փետրվարի 2002 թվականի
ՍԴՈ - 350