ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ AM 3580 (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 1 մարտի 2002թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2001 թվականի դեկտեմբերի 28-ին Երեւանում ստորագրված զարգացման վարկի AM 3580 (Ձեռնարկությունների ինկուբատոր ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա վարկային hամաձայնագրով վարկատուն՝ Միջազգային զարգացման ընկերակցությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է երեք միլիոն ինը հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար՝ տարբեր տարադրամներով (3.900.000 SDR)։ Ծրագրի նպատակն է նախապայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար։ Նախատեսվում է բիզնեսի զարգացմանն ուղղված ծառայությունների տրամադրում նորաստեղծ ձեռնարկություններին, աջակցություն օտարերկրյա ընկերությունների հետ բիզնես կապերին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ պայմանների ստեղծում եւ այդ ոլորտի մասնագետների, այդ թվում նաեւ ուսանողների եւ ասպիրանտների ուսուցում։ Ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2001 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1165 որոշմամբ ստեղծել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ եւ հաստատել հիմնադրամի կանոնադրությունը։
2. Հայաստանի Հանրապետությունը, որպես վարկառու, պարտավորվում է, համաձայնագրով սահմանված կարգով եւ պարբերականությամբ, վարկի չառհանված հիմնագումարի դիմաց Միջազգային զարգացման ընկերակցությանը վճարել տարեկան մեկ տոկոսի մեկ երկրորդ մասը չգերազանցող դրույքով պարտագումար եւ տարեկան մեկ տոկոսի երեք չորրորդ դրույքաչափով սպասարկման վարձ՝ վարկի հիմնագումարի առհանումների եւ մնացորդային գումարների դիմաց։ Վարկի հիմնագումարը մարվելու է կիսամյակային մուծումներով՝ սկսած 2012թ. փետրվարի 1-ից մինչեւ 2041թ.։
Վարկառուն պարտավորվում է վարել ֆինանսական կառավարման համակարգ, պատրաստել ծրագրի իրականացման հետ կապված գործառնությունների եւ ծախսերի ֆինանսական հաշվետվություններ։
3. Ծրագրի բաղադրատարրերն են՝ աշխատանքային տարածքի եւ ենթակառույցների ստեղծումը, բիզնես ծառայությունների կենտրոնի հիմնադրումը, հմտությունների զարգացումը, ուսումնասիրությունները տեղեկատվական տեխնոլոգիայի բիզնեսի ոլորտում, ինչպես նաեւ ծրագրի կառավարումը։ Ծրագիրը կառավարվելու է ծրագրի իրականացման եւ մոնիտորինգի գրասենյակի եւ ՀՀ կառավարության 27.11.2001թ. թիվ 1165 որոշմամբ ստեղծված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով։
4. Ծրագիրն իրականացվելու է վարկառուի եւ Ձեռնարկությունների ինկուբատորի միջեւ կնքվելիք համաձայնագրի հիման վրա՝ Ձեռնարկությունների ինկուբատորի պատասխանատվությամբ, որին վարկային միջոցները տրամադրվելու են դրամաշնորհի տեսքով։
5. Քննության առարկա համաձայնագրի հավելված 1-ով սահմանված է հատուկ հաշիվ բացելու, այդ հաշվին վարկային հաշվից մուտքագրումներ կատարելու, հատուկ հաշվից վճարումներ կատարելու կարգը։ Ըստ հավելված 1-ի՝ վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվելու են աշխատանքներ, խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական ծառայություններ, ապրանքների ձեռքբերումը, ձեռնարկություններին դրամաշնորհների տրամադրումը, ինչպես նաեւ վարկային միջոցներից գումար է հատկացվելու Ծրագրի իրականացման եւ մոնիտորինգի գրասենյակի ու Ձեռնարկությունների ինկուբատորի պահպանման համար։
6. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի հիման վրա գնահատելով ձեռնարկությունների զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված այլ վարկային եւ փոխառության համաձայնագրերի կատարման իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը մասնավորապես ուսումնասիրեց Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1997թ. հունվարի 13-ին կնքված վարկային 006-OAM համաձայնագիրը (Ձեռնարկությունների զարգացման ծրագիր), որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 11 մլն 600 հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար՝ տարբեր տարադրամներով (16.75 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք)։
ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատը մասնավորապես ուսումնասիրել է խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով նշված վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված՝ արտասահմանյան խորհրդատուների կողմից կառավարվող Բանկային խորհրդատվական կենտրոնի գործունեության արդյունավետությունը։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում վերահսկիչ պալատն արձանագրել է էական խախտումներ, մասնավորապես, արտասահմանյան խորհրդատվական ծառայությունների համար նախատեսված գումարները գերազանցող ծախսումներ։
Քննության առարկա ներկա վարկային համաձայնագրով՝ 3.9 մլն փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումարից մեկ մլն 470 հազարը նախատեսվում է հատկացնել խորհրդատվական ծառայությունների համար։ Գործը քննության նախապատրաստելու ընթացքում կատարված հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը 27.02.2002թ. գրությամբ հայտնել է, որ «Խորհրդատվական ծառայություններ» բաղադրիչով ֆինանսավորման ենթակա խորհրդատվական միջոցառումներն ընդգրկում են մտավոր սեփականության պաշտպանության, ձեռնարկատիրության եւ կառավարման հարցերով խորհրդատվությունը, որակի վերահսկման, ծրագրի կառավարման եւ ներդրումների կատարման հարցերի վերաբերյալ խորհրդատվությունը, ինչպես նաեւ ըստ Համաշխարհային բանկի դասակարգման՝ խորհրդատվական ծառայություններ համարվող, սակայն իրենց բնույթով այդպիսիք չհանդիսացող սերտիֆիկացման ծրագրեր, ինտերնետային էջի գործադրում, պահպանում, սեմինարների կազմակերպում, տվյալ ոլորտի քարոզչություն, գովազդ, միջավայրի ուսումնասիրություն եւ այլն։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ հատկապես վարկային համաձայնագրերով նախատեսված խորհրդատվական բաղադրատարրի համար հատկացվող միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործումն ապահովելու համար ՀՀ կառավարության կողմից ներկայումս գործադրվող կարգը թերի է եւ լուրջ բարելավման անհրաժեշտություն ունի: Մասնավորապես, սույն վարկային ծրագրի առանձնահատկությունները թելադրում են վարկային միջոցների օգտագործման, դրանց վերահսկելիության ապահովման առավել հուսալի կարգի սահմանման անհրաժեշտությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2001թ. դեկտեմբերի 28-ին Երեւանում ստորագրված զարգացման վարկի AM 3580 (Ձեռնարկությունների ինկուբատոր ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1 մարտի 2002 թվականի
ՍԴՈ - 351