ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 12 մարտի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2000 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում ստորագրված՝ «Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» որոշման մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով որոշումը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Որոշումն ստորագրվել է 2000 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արտաքին տնտեսական գործունեության զարգացման նպատակով։

2. Որոշմամբ Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհուրդը հաստատել է Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները։

Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները գործում են 1994թ. ապրիլի 15-ի «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրի եւ դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 1999թ. ապրիլի 2-ի արձանագրության մասնակից պետություններից (համաձայնագրի մասնակից պետություն) ծագող եւ այդ պետությունների միջեւ առեւտրային շրջանառության մեջ գտնվող ապրանքների նկատմամբ:

Այդ համաձայնագիրը եւ արձանագրությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել են 1999թ. դեկտեմբերի 28-ին:

Ըստ այդ կանոնների արտադրանքի ծագման երկիր է համարվում համաձայնագրի այն մասնակից պետությունը, որտեղ ապրանքն ամբողջությամբ արտադրվել է կամ ենթարկվել բավարար մշակման/վերամշակման։

Ապրանքի արտադրմանը համաձայնագրի մասնակից պետություններից բացի երրորդ երկրների մասնակցության դեպքում ապրանքի ծագման երկրի որոշումն իրականացվում է ապրանքի բավարար մշակման/վերամշակման չափանիշին համապատասխան։

Որոշմամբ նախատեսվում է նաեւ դրա ուժի մեջ մտնելու, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը։

3. Որոշումն ունի երեք հավելված. պայմանների, արտադրական եւ տեխնոլոգիական գործողությունների ցանկը, որոնց կատարման ժամանակ ապրանքը համարվում է ծագած այն երկրից, որտեղ դրանք տեղի են ունեցել (Հավելված 1), ապրանքի ծագման մասին հավաստագրի CT-1 ձեւը (Հավելված 2) եւ ապրանքների ծագման մասին հավաստագրի լրացուցիչ թերթի ձեւը (Հավելված 3)։

4. Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվում 1993թ. սեպտեմբերի 24-ի՝ Ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների մասին Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումը։

5. Որոշումը կոչված է նպաստելու Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9 հոդվածների դրույթներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» որոշման մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

12 մարտի 2002 թվականի
ՍԴՈ - 352

print page Տպել էջը