ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՉԱՓԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒՑ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ ՈՒ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 9 ապրիլի 2002թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության պետ Ա. Մալխասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 (1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ստուգաչափման եւ չափագիտական վկայագրման նպատակով նորմատիվ փաստաթղթերի, չափանմուշների, չափման միջոցների եւ ստանդարտ նմուշների փոխադրման համար հատուկ թույլտվություն տալուց եւ մաքսային տուրքերից ու հարկերից ազատելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մալխասյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 1995թ. փետրվարի 10-ին Ալմաթիում՝ ստուգաչափման եւ չափագիտական վկայագրման նպատակով փոխադրվող ապրանքները մաքսային տուրքերի, հարկերի վճարումից, հատուկ թույլտվություն տալուց ազատելու նպատակով, որի համար իրավական հիմք է հանդիսացել 1992թ. մարտի 13-ին կնքված՝ Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին համաձայնագիրը:
2. Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման համակարգում կիրառվող նորմատիվ փաստաթղթերը, չափանմուշները, չափման միջոցները եւ ստանդարտ նմուշներն ստուգաչափման եւ չափագիտական վկայագրման նպատակով փոխադրելիս ազատել մաքսային տուրքերի, հարկերի վճարումից եւ հատուկ թույլտվություն տալուց:
3. Փոխադրման ենթակա ապրանքների ցանկն ըստ համաձայնագրի ենթակա է սահմանման ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման ազգային մարմինների կողմից:
4. Կողմերը նախատեսել են նաեւ դրույթներ համաձայնագրի մեկնաբանման եւ կատարման հետ կապված հարցերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի եւ դրա դադարման կարգի վերաբերյալ:
5. Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ պետությունների հետ ապահովվում է բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Ստուգաչափման եւ չափագիտական վկայագրման նպատակով նորմատիվ փաստաթղթերի, չափանմուշների, չափման միջոցների եւ ստանդարտ նմուշների փոխադրման համար հատուկ թույլտվություն տալուց եւ մաքսային տուրքերից ու հարկերից ազատելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
9 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ - 353