1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 2 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱ- ՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 9 ապրիլի 2002թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1993 թվականի նոյեմբերի 4-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 2 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Թիվ 2 արձանագրությունն ստորագրել են 1987թ. նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայի անդամ պետությունները: Հայաստանի Հանրապետությունը նշված կոնվենցիան վավերացրել է 2001թ. նոյեմբերի 7-ին:
Թիվ 2 արձանագրությունն ստորագրվել է կոնվենցիայով նախատեսված Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի անդամներին երկրորդ անգամ վերընտրվելու հնարավորություն տալու նպատակով:
Համաձայն թիվ 2 արձանագրության՝ 1987թ. նոյեմբերի 26-ի վերոնշյալ կոնվենցիայի 5-րդ հոդվածը լրացվում է 4-րդ եւ 5-րդ կետերով: Ըստ 4-րդ կետի՝ հնարավորության դեպքում Կոմիտեի անդամների կեսի երկու տարին մեկ նորացումն ապահովելու նպատակով Նախարարների կոմիտեն կարող է որոշել, որ, մինչեւ հաջորդ ընտրությանն անցնելը, ընտրվելիք անդամների մեկ կամ ավելի անդամների պաշտոնավարման ժամկետը կամ ժամկետները կլինեն այլ, քան չորս տարին, բայց ոչ ավելի, քան վեց եւ ոչ պակաս, քան երկու տարին: Իսկ թիվ 2 արձանագրության 5-րդ կետում նշվում է, որ այն դեպքերում, երբ մեկից ավելի պաշտոնավարման ժամկետ է ներառված եւ Նախարարների կոմիտեն կիրառում է նախորդ կետը, պաշտոնավարման ժամկետների բաշխումը կիրականացվի Գլխավոր քարտուղարի կողմից ընտրությունից անմիջապես հետո կատարվող վիճակահանությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1993թ. նոյեմբերի 4-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 2 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
9 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ - 354