ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ.Երեւան 9 ապրիլի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ.Թոխյանի, Հ.Նազարյանի, Ռ.Պապայանի, Վ.Պողոսյանի, Վ.Սահակյանի, Մ.Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ.Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Եվրոպայի խորհրդի արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի վեցերորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա.Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ.Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1.Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 1996 թվականի մարտի 5-ին՝ Ստրասբուրգում։ Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրվել է 2001 թվականի հունիսի 25-ին։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագիրը վավերացրել է 2001թվականի մայիսի 14-ին։

2.Արձանագրությամբ, ի լրումն գլխավոր համաձայնագրի 18-րդ հոդվածով սահմանված արտոնությունների եւ անձեռնմխելիությունների, արտոնություններ եւ անձեռնմխելիություններ են տրամադրվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներին եւ նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ Դատարանի քարտուղարին եւ նրա տեղակալին։

Արձանագրությունը գլխավոր համաձայնագրի 18-րդ հոդվածով սահմանված արտոնություններին եւ անձեռնմխելիություններին հավելում է հետեւյալ անձեռնմխելիությունները.

- Դատարանի, դատավորների եւ քարտուղարության փոստի անձեռնմխելիությունը,

- դատավորների, Դատարանի քարտուղարի եւ նրա տեղակալի անձեռնմխելիությունը քրեական, քաղաքացիական եւ վարչական ընդդատությունից՝ իրենց պարտականությունները կատարելիս ասածի կամ գրածի եւ բոլոր գործողությունների առնչությամբ։

Նշված անձեռնմխելիությունները, դիվանագիտական իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան, կոչված են պատշաճ պայմաններ ապահովելու Դատարանի դատավորների, քարտուղարի եւ նրա տեղակալի գործառույթների անկախ իրականացման համար։

Արձանագրությունը նախատեսում է նաեւ, ի շահ արդարադատության, դատավորներին անձեռնմխելիությունից զրկելու՝ Դատարանի պարտականությունը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1.Եվրոպայի խորհրդի արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի վեցերորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

9 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ - 356

print page Տպել էջը