ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 9 ապրիլի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ե. Զախարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի հոկտեմբերի 31-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Նիդեռլանդների Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Նիդեռլանդների Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիան ստորագրվել է Երեւանում 2001 թվականի հոկտեմբերի 31-ին՝ երկու պետությունների միջեւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու, հարկումից խուսափելը կանխելու եւ հարկային խտրականություն թույլ չտալու նպատակով։

2. Կոնվենցիան սահմանում է այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կիրառվում է կոնվենցիան, ինչպես նաեւ հարկատեսակները, որոնց վրա այն տարածվում է։

Կոնվենցիայով սահմանվում են նաեւ հարկման ենթակա օբյեկտները, կրկնակի հարկումը բացառելու մեխանիզմները։

Կոնվենցիայով Կողմերը, մասնավորապես, ստանձնում են հետեւյալ պարտավորությունները.

- աջակցել միմյանց սույն կոնվենցիայում ընդգրկված հարկերի, ուշացած վճարումների համար հաշվարկված տույժերի եւ տուգանքների գանձման գործում,

- փոխանակել այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ կլինի սույն կոնվենցիայի կամ կոնվենցիայում ընդգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար,

- չենթարկել Պայմանավորվող պետության քաղաքացիներին, Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ ձեռնարկությունները այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որեւէ պարտավորության, որին ենթարկվում են մյուս Պետության համապատասխան սուբյեկտները,

- ծանուցել միմյանց իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված էական փոփոխությունների մասին։

Կոնվենցիան նախատեսում է նաեւ կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, դրա գործողությունը դադարեցնելու կարգը։

3. Կոնվենցիայի անբաժան մասն է կազմում 2001թ. հոկտեմբերի 31-ին Երեւանում ստորագրված արձանագրությունը, որով պարզաբանվում են կոնվենցիայի առանձին դրույթներ եւ հասկացություններ։

4. Կոնվենցիան կոչված է նպաստելու Պայմանավորվող պետությունների միջեւ տնտեսական, գիտական, տեխնիկական եւ մշակութային համագործակցության զարգացմանը։ Այն հնարավորություն կտա պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առեւտրային շահերը՝ հարկային բնագավառում։ Կոնվենցիան համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 եւ 9 հոդվածների դրույթներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001 թվականի հոկտեմբերի 31-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Նիդեռլանդների Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

9 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ – 357

print page Տպել էջը