ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 16 ապրիլի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ե. Զախարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թաիլանդի Թագավորության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կոնվենցիան ստորագրվել է 2001թ. նոյեմբերի 7-ին Բանգկոկում՝ պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու նպատակով:

Կողմերը սահմանել են այն հարկատեսակները, ինչպես նաեւ հարկատու անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում են կոնվենցիայի դրույթները: Կոնվենցիայում հանգամանորեն շարադրված է օգտագործված տերմինների բացատրությունը:

2. Կոնվենցիայով Կողմերը պարտավորվել են.

- միմյանց ծանուցել հարկային օրենքներում կատարված փոփոխությունների մասին,

- կոնվենցիայում նախատեսված կարգով եւ առանց հարկային խտրականության բացառել միմյանց ռեզիդենտների նկատմամբ կրկնակի հարկումը, կանխել հարկերի վճարումից խուսափելը:

Կոնվենցիայում նախատեսված են դրույթներ, որոնք ապահովում են հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաեւ ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով տեղեկատվական փոխանակության կարգով Կողմերի ստացած տեղեկությունների գաղտնիությունը եւ կոնվենցիայում նախատեսված դեպքերում եւ կարգով դրանց օգտագործումը, միաժամանակ ապահովելով հարկատու անձանց օրինական շահերի պաշտպանությունը:

Կողմերը պայմանավորվել են նաեւ կոնվենցիան չկիրառել միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անդամների նկատմամբ:

3. Կոնվենցիայի անբաժանելի մասն է կազմում 2001թ. նոյեմբերի 7-ին Բանգկոկում ստորագրված արձանագրությունը, որով Կողմերը հստակեցրել են «շահույթ» տերմինի իմաստը՝ կոնվենցիայի 7, 8 եւ 9 հոդվածների առնչությամբ:

4. Կողմերը նախատեսել են նաեւ դրույթներ կոնվենցիայի մեկնաբանման եւ կատարման հետ կապված հարցերի լուծման, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի եւ դրա դադարման կարգի վերաբերյալ:

5. Կոնվենցիայում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ պետությունների հետ ապահովվում է բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն, միաժամանակ Սահմանադրության 8 հոդվածին համապատասխան բարենպաստ պայմաններ ապահովելով տնտեսական գործունեության ազատության համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թաիլանդի Թագավորության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ - 358

print page Տպել էջը