ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1954 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 28 հունվարի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ դիմող կողմի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարի տեղակալ Ս. Լուսիկյանի, դատարանում քննարկման համար հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետը, 101 հոդվածի 1 կետը, ինչպես նաեւ "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետը.

դռնբաց նիստում քննեց 1954 թվականի դեկտեմբերի 19-ին Փարիզում ստորագրված "Եվրոպական մշակութային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Եվրոպական մշակութային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու մասին։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Խաչատրյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Լուսիկյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիայի նորմերի բովանդակությունը, դիմումին կից ներկայացված տեղեկանքները եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրվել է 1954 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Փարիզում, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կառավարությունների կողմից։

Կոնվենցիայի նպատակն է եվրոպական մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը, եվրոպական մշակութային ժառանգության հարստացումը, մշակութային արժեքների տեղաշարժի, փոխանակման ազատության ապահովումը եւ այլն։

Կոնվենցիան պարտավորեցնում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ձեռնարկել միջոցներ Եվրոպայի ընդհանուր մշակութային ժառանգության մեջ իր ազգային ավանդը ներդնելու, իր քաղաքացիների կողմից մյուս Պայմանավորվող պետությունների լեզուների, պատմության եւ քաղաքակրթության ուսումնասիրումը կազմակերպելու ուղղությամբ։

Կոնվենցիան նախատեսում է եվրոպական նշանակություն ունեցող մշակութային գործունեությանն աջակցելուն ուղղված համաձայնեցված գործելակերպի ստեղծման համար Պայմանավորվող կողմերի՝ միմյանց հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը։

Կոնվենցիան բովանդակում է դրույթներ անձանց եւ մշակութային արժեքների տեղաշարժը դյուրացնելու, ինչպես նաեւ Պայմանավորվող կողմերի հսկողության տակ գտնվող՝ Եվրոպայի ընդհանուր մշակութային ժառանգության մասերի պահպանումը եւ դրանց հաղորդակցվելու պատշաճ հնարավորությունն ապահովելու վերաբերյալ։

Միեւնույն ժամանակ կոնվենցիան Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար պայմաններ է նախատեսում երկկողմանի հարաբերություններ հաստատելու, ինչպես նաեւ ազգային օրենսդրության պահանջները լրիվ ծավալով կիրառելու համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Եվրոպական մշակութային կոնվենցիայում (19 դեկտեմբերի 1954 թվական) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 հունվարի 1997 թվականի
ՍԴՈ-36

print page Տպել էջը