ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 16 ապրիլի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լ. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ բարձրագույն կրթության եւ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրա-պետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Մկրտչյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ բարձրագույն կրթության եւ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությունն ստորագրել է 2001 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Թեհրանում:

Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ընդլայնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը նշված ոլորտում՝ դիտելով բարձրագույն կրթության եւ գիտական աստիճանների ու կոչումների վերաբերյալ պետական նմուշի փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչումը որպես այդ համագործակցության խթանիչ։

Համաձայնագրում նախատեսված է փոխանակել այն բուհերի ցանկերը, որոնք կհայտնվեն համաձայնագրի կարգավորման ոլորտում, սահմանված են Հայաստանի Հանրապետությունում տրվող բակալավրի եւ մագիստրոսի աստիճանների եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում տրվող փորձագետի եւ ավագ փորձագետի աստիճանների փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման պայմանները եւ կարգը։ Իրանական կողմը երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունում 5-ամյա ուսուցման արդյունքում տրված դիպլոմավորված մասնագետի փաստաթղթերի, իսկ Հայկական կողմը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում տրված փորձագետի աստիճանի փաստաթղթերի հավասարազորության ճանաչումը, անհրաժեշտության դեպքում չբացառելով նաեւ լրացուցիչ քննության անցկացումը: Կողմերը պարտավորվում են նաեւ փոխադարձաբար ճանաչել Հայաստանի Հանրապետությունում տրված գիտությունների թեկնածուի եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում տրված փիլիսոփայության դոկտորի աստիճանների փաստաթղթերը, արձանագրելով նաեւ դրանց ճանաչման կարգն ու պայմանները. առնվազն երեք տարվա ուսուցմամբ ծրագրի կատարում, որակավորման քննությունների հանձնում եւ գիտական տեղեկատվության միջազգային ինստիտուտներում (ISI) գրանցված ամսագրում գիտական թեզի վերաբերյալ առնվազն մեկ գիտական հոդվածի հրապարակում: Կողմերը պարտավորվում են մշակութային նպաստավոր պայմաններ ստեղծել երկու երկրների ներկայացուցիչ հանդիսացող ուսումնառողների համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ բարձրագույն կրթության եւ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ - 360

print page Տպել էջը