ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 16 ապրիլի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման եւ մաքսային իրավախախտումների կանխարգելման, հետաքննության ու դրանց դեմ պայքարի համար փոխադարձ վարչական օգնության մասին 2001 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Ավետիսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Թեհրանում: Համաձայնագրի նպատակը մաքսային օրենսդրությանը համապատասխան մաքսային իրավախախտումների կանխարգելման, հետաքննության եւ դրանց դեմ պայքարի առնչությամբ վարչական փոխօգնությունն է։

2. Համաձայնագրով Կողմերը կհամագործակցեն գանձվող մաքսային տուրքերի, այլ հարկերի, մուծումների ու վճարների հավաքագրման, զենքի, զինամթերքի, պայթուցիկ ու միջուկային եւ այլ նյութերի, ինչպես նաեւ պատմական, հնագիտական արժեքների փոխադրման եւ այլ հարցերում, կներկայացնեն հաշվետվություններ, փաստաթղթերի հաստատված պատճեններ, անհրաժեշտության դեպքում կլիազորեն իրենց պաշտոնատար անձանց որպես փորձագետներ հանդես գալու մյուս Կողմի դատական կամ մաքսային մարմիններում։ Համաձայնագրով կարգավորվում են Կողմերի մաքսային ծառայությունների միջեւ փոխադարձ օգնության մասին հարցումների հետ կապված հարաբերությունները։

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը նաեւ պարտավորվում է. - տրամադրել ամբողջական տեղեկատվություն եւ հետախուզական տվյալներ, - ցուցաբերել օգնություն՝ հայցող եւ հայցվող ծառայությունների իրավասությունների եւ հնարավորությունների սահմաններում, - հատուցել փորձագետների հետ կապված ծախսերը եւ վճարումները, - փոխհատուցել պետական պաշտոնատար անձ չհանդիսացող թարգմանիչներին եւ սղագրիչներին վճարվող գումարները եւ այլն։

4. Սույն համաձայնագրի կնքման եւ կատարման համար միջազգային իրավական հիմք են 1961թ. մարտի 30-ի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիան, 1971թ. փետրվարի 21-ի «Հոգեներգործող նյութերի մասին» կոնվենցիան եւ 1988թ. դեկտեմբերի 19-ի «Թմրամիջոցների եւ հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիաներին միացել է 1993 թ. մայիսի 24-ին) եւ այլն։

5. Համաձայնագրի դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվածներ 4, 9, 46 եւ այլն) կոչված են նպաստելու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, Կողմերի միջեւ հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբե- րություններ, ապահովելու հարկերի ու տուրքերի մուծումը եւ պարտադիր այլ վճարումների կատարումը եւ այլն։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման եւ մաքսային իրավախախտումների կանխարգելման, հետաքննության ու դրանց դեմ պայքարի համար փոխադարձ վարչական օգնության մասին 2001 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ - 361

print page Տպել էջը