ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 16 ապրիլի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին 2001 թվականի հոկտեմբերի 23-ին Երեւանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Թ. Մարգարյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Պայմանագիրն ստորագրվել է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Երեւանում: Պայմանագրի նպատակը բարեկամական հարաբերությունների, փոխշահավետ համագործակցության եւ երկկողմ անվտանգության ամրապնդումն է։

2. Պայմանագրով Կողմերը նախատեսում են խորացնել գործընկերային հարաբերությունները, անցկացնել խորհրդակցություններ՝ տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանն սպառնացող վտանգի դեպքում, համագործակցել սովորական սպառազինությունների վերահսկողության, անվտանգության ամրապնդման տարածաշրջանային միջոցների, զանգվածային ոչնչացման զենքի զինաթափման եւ չտարածման, ռազմական եւ այլ նշանակության նյութերի ու տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ վերահսկողության բնագավառներում, աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

3. Պայմանագրով Կողմերը նաեւ երաշխավորում են իրենց տարածքներում բոլոր քաղաքացիների քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ գույքային իրավունքների ու ազատությունների պահպանումը, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Ըստ պայմանագրի Կողմերը կզարգացնեն փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար եւ այլ ոլորտներում, կկարգավորեն պետական գույքի, իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին պատկանող գույքի իրավական ռեժիմը՝ գույքի գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան, կփոխգործակցեն տնտեսական բարեփոխումների իրականացման եւ տնտեսական ինտեգրացման խորացման հարցերում, կփոխանակեն տեղեկություններ՝ ֆինանսական, դրամավարկային, արժութային, հարկային, մաքսային եւ սոցիալական քաղաքականություն իրականացնելիս, կաջակցեն բոլոր մակարդակներով խորհրդարանական կապերի ընդարձակմանը, ձեռնարկությունների ու ձեռներեցների համար բարենպաստ տնտեսական, ֆինանսական, իրավական պայմանների ստեղծմանը, կհամագործակցեն զբոսաշրջության, մշակույթի, արվեստի, սպորտի, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության, հանցավորության դեմ պայքարի եւ այլ բնագավառներում, կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ երկաթուղային, օդային, ավտոմոբիլային եւ ծովային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս։ Կողմերը մտադիր են միջազգային տնտեսական հարաբերությունների գլոբալացման գործընթացում համագործակցել նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում։

4. Պայմանագրով Կողմերը պարտավորվում են նաեւ. - չձեռնարկել որեւէ գործողություն եւ չաջակցել որեւէ գործողության, որոնք ուղղված կլինեն մյուսի դեմ, - գործադրել բոլոր ջանքերը պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն արդյունավետ շարունակելու եւ ավարտելու համար, - բարձրացնել պետական սահմանների լրիվ եւ արդյունավետ հսկողությունը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ապօրինի միգրացիայից, թմրանյութերի եւ ռադիոակտիվ նյութերի տեղափոխումից խուսափելու նպատակով։

5. Պայմանագրի կնքման եւ կատարման համար ընդհանուր միջազգային իրավական հիմք են ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ ԵԱՀԿ Եզրափակիչ ակտը, միջազգային իրավունքի այլ հանրաճանաչ սկզբունքները, ինչպես նաեւ ԱՊՀ-ի կանոնադրությունը՝ համատեղ ծրագրերի եւ նախագծերի արդյունավետ իրականացման նպատակով, ՍԾՏՀ-ի կանոնադրությունը՝ տարածաշրջանային տնտեսական գործընթացների խորացման նպատակով, «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագիրը՝ բեռների եւ ուղեւորների, ինչպես նաեւ էներգակիրների տեղափոխման նպատակով եւ այլն։

6. Պայմանագրի դրույթները ՀՀ Սահմանադրության, մասնավորապես, 4 եւ 9 հոդվածներին համապատասխան կոչված են Կողմերի միջեւ հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ապահովելու մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը եւ այլն։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին 2001 թվականի հոկտեմբերի 23-ին Երեւանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ - 362

print page Տպել էջը