ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 19 Ապրիլի 2002թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում:
Համաձայնագրի նպատակն է Կողմերի միջեւ տնտեսական համագործակցության բարենպաստ պայմանների ստեղծումը, ներդրումներ կատարելու պատրաստակամության ամրապնդումը, ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը։
Ըստ համաձայնագրի՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ պետք է կիրառի արդար եւ հավասար ռեժիմ, ինչպես նաեւ ապահովի լիարժեք եւ հաստատուն պաշտպանվածություն եւ ապահովություն:
Համաձայնագրի դրույթները պարտավորեցնում են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին՝ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների եւ իրենց ներդրումների նկատմամբ կիրառել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան սեփական կամ երրորդ երկրների ներդրողների եւ նրանց ներդրումների նկատմամբ ռեժիմն է։
Համաձայնագրով սահմանվում են երաշխիքներ Կողմերի ներդրողների ներդրումների օտարման դեպքում ներդրողների իրավունքների պաշտպանության եւ կորուստների փոխհատուցման համար, ինչպես նաեւ երաշխավորվում է ներդրումներից ստացվող եկամուտների ազատ փոխանցումը կապիտալի ծագման երկիր եւ այլ երկրներ:
Ըստ համաձայնագրի՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չպետք է դառնան օտարման, ազգայնացման, սեփականազրկման, բռնագրավման կամ որեւէ այլ տեսակի նմանատիպ միջոցառումների առարկա, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է հանրային շահերը ներկայացնող նպատակներով, առանց խտրականության, օրենսդրությանը համապատասխան եւ ուղեկցվում է նախնական համարժեք փոխհատուցման վճարմամբ՝ այն դեպքում, երբ այդ օտարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ արագ, համարժեք ու արդյունավետ փոխհատուցման վճարմամբ՝ այն դեպքում, երբ օտարումն իրականացվում է Ավստրիայի Հանրապետության տարածքում։
Ըստ համաձայնագրի՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի դեպի իր տարածք եւ իր տարածքից դուրս առանց ուշացման մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրման հետ կապված բոլոր վճարումների ազատ փոխանցումը։
Համաձայնագիրը նաեւ նախատեսում է ներդրումային վեճերի լուծման՝ միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգեր:
Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8, 9 եւ 28 հոդվածների պահանջներին:
Սահմանադրական դատարանը, գնահատելով համանման համաձայնագրերի իրավակիրառական պրակտիկան, արձանագրում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6 հոդվածի, միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին, իրավաբանական ուժ չունեն, քանի դեռ չեն հրապարակվել: Սակայն Հայաստանի Հանրապետության նման բնույթի միջազգային պայմանագրերը, որոնք անմիջականորեն առնչվում են նաեւ մարդու սոցիալ-տնտեսական իրավունքներին, պաշտոնապես դեռեւս Հայաստանի Հանրապետությունում չեն հրապարակվել՝ անտեսելով սահմանադրական նորմի պահանջը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 2001 թվականի հոկտեմբերի 17-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
19 ապրիլի 2002
թվականի
ՍԴՈ - 363