ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2001-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 21 հունիսի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2001-2002 թվականների ֆինանսական համագործակցության մասին 2002 թվականի մարտի 12-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի մարտի 12-ին Երեւանում՝ Կողմերի միջեւ ֆինանսական համագործակցություն իրականացնելու, Հայաստանի Հանրապետության սոցիալական եւ տնտեսական զարգացմանը նպաստելու համար:

2. Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին հնարավորություն է ընձեռում Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KFW) ստանալ.
ա) մինչեւ 30 մլն գերմանական մարկ ընդհանուր գումարի վարկ (մինչեւ 20 մլն մարկ՝ մարզերում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման նպատակով եւ մինչեւ 10 մլն մարկ՝ տնտեսության մասնավոր հատվածի (փոքր եւ միջին ձեռնարկությունների) խթանման համար),
բ) մինչեւ 5 մլն մարկ ընդհանուր գումարի դրամաշնորհ՝ հիվանդանոցների տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման համար:

3. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշված նախագծերը կարող են փոխարինվել այլ նախագծերով:Յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվում է կնքել առանձին վարկային կամ դրամաշնորհային պայմանագրեր:

4. Վարկային եւ դրամաշնորհային գումարների օգտագործումը, դրանց տրամադրման պայմանները, ինչպես նաեւ կապալ տալու կարգը սահմանվում են Վերականգնման վարկերի բանկի եւ վարկառուների միջեւ հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են ԳԴՀ-ում գործող իրավական նորմերին:Ընդ որում, վերը նշված մինչեւ 30 մլն մարկ ընդհանուր գումարի վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե տրամադրման տարվանից սկսած 8 տարվա ընթացքում (այսինքն՝ մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը) համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:

5. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ անմիջական ֆինանսական պարտավորությունները.
- երաշխավորում է Վերականգնման վարկերի բանկի կողմից հետագայում կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների կատարումը, եթե վարկառուն ՀՀ կառավարությունը չէ, իսկ եթե վարկառուն ՀՀ կառավարությունն է, ապա ստանձնում է վարկի վճարման պարտավորությունը,
- Վերականգնման վարկերի բանկն ազատվում է հետագայում կնքվելիք պայմանագրերի իրականացման հետ կապված բոլոր հարկերից եւ պետական այլ տուրքերից:

6. Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Գերմանական կողմին ծանուցելու օրվանից:

7. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով՝ հայերեն եւ գերմաներեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:

8. Համաձայնագրում ամրագրված նորմերն իրենց բնույթով ուղղված են Հայաստանի Հանրապետության սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծմանը, բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 8, 9 եւ 89 հոդվածների, 1966թ. Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթներից, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ այլ սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2001-2002 թվականների ֆինանսական համագործակցության մասին 2002 թվականի մարտի 12-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 հունիսի 2002 թվականի
ՍԴՈ -365

print page Տպել էջը