ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ (ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ) 3633-0 AM ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 21 հունիսի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տ. Դավթյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2002 թվականի ապրիլի 25-ին ստորագրված զարգացման վարկի (Օտարերկրյա ներդրումների եւ արտահանման խթանման ծրագիր) 3633-0 AM համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Տ. Դավթյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Զարգացման վարկի (Օտարերկրյա ներդրումների եւ արտահանման խթանման ծրագիր) 3633-0 AM համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրվել է 2002թ. ապրիլի 25-ին:
2. Քննության առարկա վարկային համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը (այսուհետեւ՝ Վարկատու) Հայաստանի Հանրապետությանը (այսուհետեւ՝ Վարկառու) որպես վարկ տրամադրում է 800.000 փոխառության հատուկ իրավունքներին (SDR) համարժեք գումար։ Վարկի գումարը տրամադրվում է քառասուն տարի ժամկետով եւ հիմնական գումարը մարվելու է կիսամյակային մուծումներով՝ սկսած 2012թ. օգոստոսի 1-ից։ Վարկառուն վարկի չառհանված հիմնագումարի դիմաց պետք է վճարի տարեկան 0.5%-ը չգերազանցող՝ Վարկատուի սահմանած տոկոսադրույքով պարտավճար եւ սպասարկման վարձ՝ տարեկան 1 %-ի 3/4-ի չափով։
3. Սույն համաձայնագրով տրամադրվող վարկային միջոցներով ֆինանսավորվելու է Օտարերկրյա ներդրումների եւ արտահանման խթանման ծրագրի իրականացումը։ Ծրագրի նպատակն է ներդրումների զարգացման գործակալության հզորացման եւ ներդրողների ներգրավումը խթանող ռազմավարության իրականացման միջոցով պարզել Հայաստանում հեռանկարային ներդրողների եւ արտահանողների ներուժը։ Ծրագրի բաղկացուցիչ մասերն են. ենթակառուցվածքների եւ հմտությունների զարգացումը, ներդրողների եւ արտահանողների սպասարկմանն ուղղված ինստիտուցիոնալ հզորացումը, ներդրումների եւ արտահանման խթանման ապահովումը, ծրագրի կառավարումը։
4. Ծրագրի իրականացման պատասխանատվությունը մինչեւ 2003թ. դեկտեմբերի 31-ը կրելու են Ծրագրի իրականացման գրասենյակը եւ Զարգացման հայկական գործակալությունը, որից հետո ողջ պատասխանատվությունը կստանձնի Զարգացման հայկական գործակալությունը։ Վերջինս ստեղծվել է կառավարության 1998թ. ապրիլի 2-ի թիվ 219 որոշմամբ՝ ներդրումային քաղաքականության իրականացման եւ ներդրումների ներգրավման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Վարկառուի եւ Զարգացման հայկական գործակալության միջեւ հարաբերությունները կկարգավորվեն նրանց միջեւ կնքվելիք իրականացման համաձայնագրով։
5. Համաձայնագրի 1-ին հավելվածում սահմանված են վարկի միջոցներով ֆինանսավորվող կատեգորիաները, դրանցից յուրաքանչյուրին հատկացվող վարկային միջոցների չափը եւ ծախսերի մասնաբաժինը յուրաքանչյուր կատեգորիայում։ Վարկային միջոցների 62.5%-ը (500.000 SDR) նախատեսված է խորհրդատուների ծառայությունների, վերապատրաստման եւ աուդիտորական ծառայությունների, 6%-ը (49.000SDR)՝ ապրանքների, 26%-ը (211.000SDR)՝ Ծրագրի իրականացման գրասենյակի եւ Զարգացման հայկական գործակալության աշխատանքային ծախսերի եւ 5 %-ը (40.000 SDR)՝ Ծրագրի (2) մասի համար դրամաշնորհների ֆինանսավորման համար։
6. Համաձայնագրի 3-րդ հավելվածը նախատեսում է խորհրդատուների ներգրավման եւ ապրանքների գնման կարգը, որի համար համապատասխանաբար հիմք են հանդիսանում «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության եւ աշխատանքի ընդունման ուղեցույցները» եւ «Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի փոխառությունների եւ Միջազգային զարգացման ընկերակցության վարկերի հիման վրա կատարվող գնումների ուղեցույցները»։
7. Համաձայնագիրն ամրագրում է Վարկառուի՝ Ծրագրի իրականացման նպատակներով հատուկ ավանդային հաշիվ բացելու իրավունքը, այդ հաշվին ավանդների մուտքագրման եւ դրանից վճարումներ կատարելու կարգը։
8. Հայաստանի Հանրապետությունը, որպես Վարկառու, պարտավորվում է տրամադրել Ծրագրի համար պահանջվող միջոցներ, տարածքներ, ծառայություններ։ Վարկառուն նաեւ Ծրագրի իրականացման գրասենյակի եւ Զարգացման հայկական գործակալության միջոցով պետք է ունենա ֆինանսական կառավարման համակարգ, այդ թվում՝ գրառումներ եւ հաշիվներ, Վարկատուին ներկայացնի Ծրագրի իրականացման կապակցությամբ տարվող աշխատանքներն ու ծախսերը ճշգրիտ արտացոլող ֆինանսական հաշվետվություններ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2002թ. ապրիլի 25-ին ստորագրված զարգացման վարկի (Օտարերկրյա ներդրումների եւ արտահանման խթանման ծրագիր) 3633-0 AM համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
21 հունիսի 2002 թվականի
ՍԴՈ -366