ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 67 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 29 հունիսի 2002թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ դիմող կողմի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վ. Մակեյանի, նրա ներկայացուցիչներ՝ Պ. Մակեյանի եւ Ա. Խոջոյանի, պատասխանող կողմի՝ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ՝ ՄԸՀ-ի նախագահ Մ.Գրիգորյանի, վկաներ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզային ներքին գործերի վարչության պետ Խ. Ասատրյանի, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ Ա. Խաչատրյանի, Վ. Ավոյանի եւ Ջ. Ավետիսյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի եւ 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի եւ 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 67 ընտրատարածքում 2002 թվականի մայիսի 19-ի լրացուցիչ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վ. Մակեյանի դիմումը:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, դիմող եւ պատասխանող կողմերի, ինչպես նաեվ վկաների բացատրությունները, հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. 2002 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 67 ընտրատարածքում, համաձայն Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի 23.05.02թ. որոշման, Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Հակոբ Մաթիլյանը:
Համաձայն Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2002 թվականի մայիսի 19-ի լրացուցիչ ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության, թիվ 67 ընտրատարածքում առաջադրված եւ ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածի 4 կետով սահմանված կարգով քվեաթերթիկներում ընդգրկված 4 պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Մաթիլյան Հակոբ՝ 5484, Մակեյան Վարդան՝ 4211, Կիրակոսյան Արթուր՝ 3084, Հակոբյան Գեղամ՝ 1686:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վարդան Մակեյանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով մարզային ընտրական հանձնաժողովի նշված որոշումն անընդունելի է համարում եւ խնդրում է պատգամավորի ընտրությունն այդ ընտրատարածքում ճանաչել անվավեր: Նա գտնում է, որ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ, որոնք ազդել են ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վրա:
Մասնավորապես նշվում է, որ՝ թույլ են տրվել նախընտրական քարոզչության եւ քվեարկության կարգի խախտումներ, ընտրությունների օրն ընտրացուցակները չեն համապատասխանել իրականությանը, Նահապետավան համայնքի ընտրատեղամասերում ընտրական ցուցակներն օրենքով սահմանված կարգով հաստատված չեն եղել, ամբողջ ընտրատարածքում ընտրողների շուրջ 15%-ը ընտրացուցակների անճշտության պատճառով զրկվել է ընտրության իրավունքից եւ այլն։ Գործի քննության ժամանակ դիմող կողմը պատճառաբանեց նաեւ, որ քվեաթերթիկներում ընդգրկված պատգամավորության թեկնածուներից մեկը՝ Գեղամ Հակոբյանը, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտված է եղել եւ ընտրություններին մասնակցել չէր կարող:

3. Շիրակի ՄԸՀ-ի անդամներ Վ. Ավոյանի եւ Ա. Խաչատրյանի գրավոր պահանջով, ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10 կետով սահմանված կարգով մարզային ընտրական հանձնաժողովի կողմից ստուգվել են 5 ընտրական տեղամասերում (Լեռնակերտ, Նահապետավան, Սառնաղբյուր, Պեմզաշեն եւ Մուսայելյան համայնքներ) տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին: Այդ կապակցությամբ Ն մարզային վարչությունից պահանջվել են նշված համայնքների 2990 ընտրողների անձնագրային տվյալներ: Ստուգման արդյունքների վերաբերյալ ՄԸՀ-ի 2002թ. մայիսի 23-ի արձանագրության համաձայն՝ պահանջված 2990 ընտրողների անձնագրային տվյալներից ՆԳ մարզային վարչության կողմից ներկայացվել է 1071 ընտրողի անձնագրային տվյալներ, որոնց ստուգումից հայտնաբերվել է 62 անձնագրային տվյալների անհամապատասխանություն ընտրացուցակների անձնագրային տվյալներին:
Դիմումատուն գտնում է, որ ՆԳ մարզային վարչությունը տրամադրել է միայն իրական ընտրության մասնակիցների տվյալները՝ դրանով քողարկելով կեղծիքները:
Դիմող կողմը նշված օրինախախտումների առկայությունը հիմնավորելու համար ներկայացրել է Հակոբ Մաթիլյանի նախընտրական բուկլետը, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի գրությունը՝ ուղղված ՆԳ մարզային վարչության պետին, Շիրակի ՆԳ մարզային վարչության պետի պատասխան նամակը՝ ուղղված մարզային ընտրական հանձնաժողովին, բողոքարկված 5 համայնքների ընտրողների ցուցակների պատճենները, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի 23.05.02թ. թիվ 8 արձանագրության, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի 23.05.02թ. ամփոփիչ արձանագրության, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի երկու անդամի հատուկ կարծիքի, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի 2 անդամի բողոքի, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի 16.05.02թ. թիվ 6 արձանագրության պատճենները:

4. Սահմանադրական դատարանը Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովից պահանջել եւ ստացել է հետեւյալ փաստաթղթերը. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 67 ընտրատարածքում սույն թվականի մայիսի 19-ի լրացուցիչ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի որոշման, ինչպես նաեւ մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության՝ հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի կողմից վավերացված պատճենները, թիվ 67 ընտրատարածքի բոլոր ընտրական տեղամասերի ամփոփիչ արձանագրությունների պատճենները, այդ ընտրատարածքի տեղամասերում ընտրության արդյունքների վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողով մուտքագրված դիմում բողոքների օրինակները եւ տեղեկանք՝ դրանց ընթացք տալու մասին։
Միաժամանակ, սահմանադրական դատարանի պահանջով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանից ներկայացվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 2002 թ. փետրվարի 11-ի (գործ թիվ 1-73, ըստ Գ.Հակոբյանի մեղադրանքի) դատավճռի պատճենը եվ տեղեկանք՝ դրա օրինական ուժի մեջ մտնելու մասին։
Սահմանադրական դատարանի պահանջով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացվել են նաեվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 67 ընտրատարածքում սույն թվականի մայիսի 19-ի ընտրությունների բոլոր 26 համայնքների ընտրողների ցուցակները։

5. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի մի շարք փաստարկներին, նշեց, որ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովը գործել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան եվ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ իր տրամադրության տակ եղած փաստաթղթերի հիման վրա կայացրել է օրինական որոշում:

6. ՀՀ սահմանադրական դատարանն իր 21 հունիսի 1999թ. թիվ ՍԴՈ-160 որոշման մեջ մասնավորապես արձանագրել էր, որ թիվ 67 ընտրատարածքում ընտրացուցակների կազմման հարցում տեղ են գտել լուրջ բացթողումներ, որոնք շտկման անհրաժեշտություն ունեն:

7. ործի քննության արդյունքները եվ առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայեցին, որ քննության առարկա ընտրատարածքում նախորդ ընտրություններում տեղ գտած թերությունները շտկելու փոխարեն դրանք առավել մեծ ծավալներ ու որակ են ստացել:
Այսպես.
ա) ՀՀ ընտրական օրենսգրքի 11 հոդվածի 3 կետին համապատասխան ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջը պետք է ստորագրված եվ կնքված լինի համայնքի ղեկավարի կողմից: Այս պահանջն ամբողջությամբ չի կատարվել թիվ 67 ընտրատարածքի 26-ից 11 ընտրատեղամասերում (Սառնաղբյուր, Մուսայելյան, Փոքր Մանթաշ, Հովիտ, Հառիճ, Սարալանջ, Սպանդարյան, Արեվշատ, Նահապետավան, Լեռնակերտ, Ջրառատ (վերջինում ցուցակները ստորագրվել են, սակայն կնքված չեն):
Փաստորեն, թիվ 67 ընտրատարածքում 31875 ընտրողներից 11023-ի ընտրությանը մասնակցությունը կազմակերպվել է իրավաբանական ուժ չունեցող փաստաթղթերի հիման վրա.
բ) Լեռնակերտի թիվ 1309 ընտրատեղամասի ընտրողների ցուցակից քվեարկությանը մասնակցած 408 անձի անձնագրային տվյալների լրացուցիչ ստուգումը վկայեց, որ 119-ի անձնագրային տվյալներն իրականությանը չեն համապատասխանում.
գ) Սառնաղբյուրի թիվ 1307 ընտրատեղամասի ընտրացուցակներում հարյուրից ավելի ուղղումներ են կատարվել ընտրական հանձնաժողովների կողմից, որն արգելվում է ընտրական օրենսգրքի 13 հոդվածի 2 կետի պահանջով.
դ) Հառիճի թիվ 1323 ընտրատեղամասում ընտրական քվեաթերթիկները կնքվել են Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի իրավասությանը ենթակա կնիքով:

8. Թիվ 67 ընտրատարածքում ընտրությունների կազմակերպման եվ իրականացման փուլում տեղ գտած նշված խախտումների փաստերի վերաբերյալ պատասխանող կողմը սահմանադրական դատարանին չկարողացավ ներկայացնել հիմնավոր բացատրություններ, այն դեպքում, երբ ՀՀ ընտրական օրենսգրքի 42 հոդվածի 11 կետը սահմանում է, որ մարզային ընտրական հանձնաժողովը հետեվում է համայնքի ղեկավարի կողմից ընտրողների ցուցակները կազմելուն:

9. Սահմանադրական դատարանը գտնում է, որ թիվ 67 ընտրատարածքում ընտրությունների կազմակերպման եվ անցկացման ընթացքում ընտրական օրենսգրքի պահանջների՝ ընտրության արդյունքների վրա ազդող զանգվածային խախտումները վկայում են, որ ընտրական հանձնաժողովները պատշաճ հետեվություններ չեն արել ընտրությունների արդյունքների վերաբերյալ նախորդ ընտրությունների առնչությամբ արված դիտողություններից ու որոշումներից (այդ թվում՝ նաեվ սահմանադրական դատարանի կողմից ընդունված): Լրացուցիչ ընտրությունների կազմակերպման եվ անցկացման ընթացքում փաստորեն խախտվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 9 հոդվածի 4 կետի, 11 հոդվածի 3 կետի, 13 հոդվածի 2 կետի, 42 հոդվածի 11 կետի եվ 50 հոդվածի 2 կետի պահանջները եվ անհրաժեշտ նախադրյալներ չեն ստեղծվել ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի պահանջներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

10. Ինչ վերաբերում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 209 հոդվածի 2-րդ մասով վեց ամիս ժամանակով ուղղիչ աշխատանքների դատապարտված եվ իր աշխատանքի վայրում պատիժը կրող պատգամավորության թեկնածու Գեղամ Ռազմիկի Հակոբյանի գրանցման եվ ընտրություններին մասնակցության օրինականության հարցին, ապա սահմանադրական դատարանը՝ գնահատելով իրավակիրառական պրակտիկան, հաշվի առնելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12 հոդվածով պատգամավորի լիազորությունների դադարման հիմքերից է ոչ թե դատապարտվածությունն ընդհանրապես, այլ եթե «նա դատապարտվել է ազատազրկման» (կետ 1, «զ» ենթակետ), ուսումնասիրելով միջազգային սահմանադրաիրավական փորձը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի պահանջն առ այն, որ ընտրել եվ ընտրվել չեն կարող «… օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եվ պատիժը կրող քաղաքացիները», գտնում է, որ եթե քաղաքացին չի դատապարտվել ազատազրկման եվ օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատիժ չի կրում քրեակատարողական համակարգի համապատասխան վայրում, նա չի զրկվում իր ընտրելու եվ ընտրվելու իրավունքից:

11. Սահմանադրական դատարանը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի պահանջներով, հաշվի առնելով նաեվ դիմող ու պատասխանող կողմերի առաջարկությունները, անհրաժեշտ է համարում թիվ 67 ընտրատարածքում ս.թ. մայիսի 19-ի ընտրությունների ընթացքում տեղ գտած իրավախախտումներն իրավասու մարմինների կողմից քննության առարկա դարձնելը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 67 ընտրատարածքում 2002 թվականի մայիսի 19-ի պատգամավորի ընտրությունը ճանաչել անվավեր։

2. Սույն գործի քննության ընթացքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 հունիսի 2002 թվականի
ՍԴՈ - 367

print page Տպել էջը