ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ(ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 30 հուլիսի 2002թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ե. Զախարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել
է 2002թ. փետրվարի 27-ին՝ Վիեննայում, պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող
անձանց նկատմամբ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից
խուսափելը կանխելու նպատակով:
Կողմերը սահմանել են այն հարկատեսակները, ինչպես նաեւ հարկատու անձանց շրջանակը,
որոնց վրա տարածվում են կոնվենցիայի դրույթները: Կոնվենցիայում հանգամանորեն շարադրված
է օգտագործված տերմինների բացատրություն:
2. Կոնվենցիան կիրառելի է միայն ուղղակի հարկերի նկատմամբ: Մասնավորապես, Հայաստանի դեպքում այն կիրառվում է շահութահարկի, եկամտահարկի, գույքահարկի եւ հողի հարկի, իսկ Ավստրիայի Հանրապետության դեպքում՝ եկամտահարկի, կորպորացիոն հարկի, հողի հարկի, գյուղատնտեսական ու անտառային տնտեսություններից գանձվող հարկի եւ ազատ տարածքների արժեքից գանձվող հարկի նկատմամբ:
3. Կոնվենցիայով Կողմերը
պարտավորվել են.
- միմյանց ծանուցել հարկային օրենքներում կատարված փոփոխությունների մասին,
- կոնվենցիայում նախատեսված կարգով եւ առանց հարկային խտրականության բացառել միմյանց
ռեզիդենտների նկատմամբ կրկնակի հարկումը, կանխել հարկերի վճարումից խուսափելը:
Կոնվենցիայում նախատեսված են դրույթներ, որոնք ապահովում են հարկային օրենսդրության
փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաեւ ստանձնած պարտավորությունների կատարման
նպատակով տեղեկատվական փոխանակության կարգով Կողմերի ստացած տեղեկությունների գաղտնիությունը
եւ դրանց՝ կոնվենցիայում նախատեսված դեպքերում եւ կարգով օգտագործումը, միաժամանակ
ապահովելով հարկատու անձանց օրինական շահերի պաշտպանությունը՝ Կողմերի իրավասու
մարմինների, ինչպես նաեւ միջնորդ դատարանի միջոցով: Կոնվենցիայի 26 հոդվածում նախատեսված
կարգին համապատասխան Կողմերի իրավասու մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակում
կարող է իրականացվել այդ մարմինների միջեւ կնքված վարչական համաձայնագրերի հիման
վրա:
Կողմերը պայմանավորվել են պահպանել միմյանց դիվանագիտական առաքելությունների եւ
հյուպատոսական հիմնարկների անդամների՝ միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի
կամ հատուկ համաձայնագրերի դրույթների շրջանակներում տրամադրված հարկային արտոնությունները:
4. Կոնվենցիայի անբաժան
մասն է կազմում 2002թ. փետրվարի 27-ին Վիեննայում ստորագրված արձանագրությունը,
որով Կողմերը հաստատագրել են կոնվենցիայի դրույթների իմաստային համապատասխանությունը
Եկամուտների եւ գույքի վերաբերյալ տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության
(ՏՀԶԿ), ինչպես նաեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկման
բնագավառում ՄԱԿի մեկնաբանություններին:
Արձանագրությամբ նաեւ հստակեցված է կոնվենցիայի մի շարք հոդվածներում կիրառված
տերմինների եւ բառակապակցությունների իմաստային նշանակությունը:
5. Կողմերը նախատեսել են նաեւ դրույթներ կոնվենցիայի մեկնաբանման եւ կատարման հետ կապված հարցերի լուծման, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի եւ դրա դադարման կարգի վերաբերյալ:
6. Կոնվենցիայում
ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին
համապատասխան՝ պետությունների միջեւ ապահովում են բարիդրացիական եւ փոխշահավետ
համագործակցություն, միաժամանակ՝ Սահմանադրության 8 հոդվածին համապատասխան՝ բարենպաստ
պայմաններ ապահովելով տնտեսական գործունեության ազատության համար:
Կոնվենցիայի դրույթները նաեւ չեն հակասում հարկման համաձայնեցված քաղաքականության
բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորություններին:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական
դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68
հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
30 հուլիսի 2002 թվականի
ՍԴՈ - 368