ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 30 հուլիսի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) եւ 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2002 թվականի փետրվարի 27-ին Վիեննայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի փետրվարի 27-ին՝ Վիեննայում, Կողմերի տարածքների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցության հաստատման նպա-տակով:

2. Համաձայնագրով Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնում՝ կապված միմյանց տրամադրվող իրավունքների, ավիաընկերությունների նշանակման եւ լիազորման, ավիացիոն անվտանգության ապահովման, մաքսային տուրքերից եւ այլ գանձումներից ազատման, եկամուտների հարկման եւ փոխանցման, առաջացած տարաձայնությունների կարգավորման, համաձայնագրում փոփոխություններ կատարելու եւ դրա գործողության դադարեցման կարգի հետ:

3. Համաձայնագիրը պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են նշանակած ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագների, չվացուցակների, մյուս Կողմի տարածքում առեւտրային գործունեության կարգավորմանը:
4. Եթե Կողմերի միջեւ ստորագրված է առանձին համաձայնագիր՝ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ, ապա կգերակայեն այդ համաձայնագրի դրույթները:

5. Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները եւ այն իրավունքները, որոնցից օգտվում են այդ ավիաընկերությունները՝ միջանկյալ եւ միմյանց տարածքներից դուրս գտնվող վայրերում:

6. Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի միջեւ խորհրդակցությունների անցկացում, եւ վեճերի կարգավորում՝ հաշտարար դատարան դիմելու միջոցով:

7. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով՝ հայերեն, գերմաներեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

8. Սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը, միացած լինելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի, Օդանավերում կատարվող հանցագործությունների եւ մի շարք այլ ակտերի մասին 1963թ. սեպտեմբերի 14-ի Տոկիոյի, Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին 1970թ. դեկտեմբերի 16-ի Հաագայի, Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին 1971թ. սեպտեմբերի 23-ի Մոնրեալի կոնվենցիաներին, որոնց վերաբերյալ սույն համաձայնագրում կան հղումներ, ստեղծել է միջազգային իրավական պատշաճ հիմք՝ երկկողմ արդյունավետ պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար:

9. Սույն համաձայնագրի եւ գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայնագրով ստանձնված պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 8 եւ 9 հոդվածների պահանջներից, համաձայն որոնց՝ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը եւ ազատ տնտեսական մրցակցությունը, արտաքին քաղաքականությունն իրականացնում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2002 թվականի փետրվարի 27-ին Վիեննայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30 հուլիսի 2002 թվականի
ՍԴՈ - 369

print page Տպել էջը