ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ 2002Թ. ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 19 օգոստոսի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հանձնման մասին 2002թ. ապրիլի 20-ին Աբու Դաբիում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա պայմանագրի նպատակն է Կողմերի ինքնիշխանության, հավասարության եւ փոխադարձ շահերի հարգման սկզբունքների հիման վրա երկու երկրների միջեւ զարգացնել արդյունավետ համագործակցությունը հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում։

2. Պայմանագրով սահմանվում են Պայմանավորվող կողմերից որեւէ մեկի կողմից հետախուզվող անձանց մյուս կողմի տարածքում հայտնաբերելու դեպքում քրեական հետապնդում իրականացնելու կամ կայացված դատավճիռն ի կատար ածելու նպատակով նրանց հանձնելու դեպքերը, հիմքերը եւ կարգը, հանձնման վերաբերյալ հարցմանը ներկայացվող պահանջները, հանձնումը մերժելու հիմքերը, ինչպես նաեւ կարգավորվում են հանձնմանն առնչվող այլ հարցեր։

3. Ըստ քննության առարկա պայմանագրի՝ հանձնումն իրականացվում է , երբ այն արարքը, որի համար հայցվում է հանձնումը, երկու Կողմերի օրենքներով էլ հանցագործություն է համարվում, որպիսի դրույթն ուղղակիորեն համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի՝ մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել։

4. Պայմանագրի 3 հոդվածի համաձայն՝ հանձնումը մերժվում է, եթե արարքը, որի համար հայցվում է հանձնումը, համարվում է քաղաքական կամ զինվորական հանցագործություն. հանձնում պահանջող հարցումը կատարվել է ռասայական, կրոնական, ազգային պատկանելության կամ քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու կամ պատժելու նպատակով, կամ այդ հանգամանքներից որեւէ մեկը դատավարության ընթացքում կարող է անձի նկատմամբ կանխակալ վերաբերմունք առաջացնել. անձը, որի հանձնումը պահանջվում է, հանդիսանում է հայցվող կողմի քաղաքացի. հանձնման ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ավարտման պատճառով. պայմանավորվող կողմերից որեւէ մեկը հանձնման ենթակա անձին ներում է շնորհել. հայցվող կողմն այդ անձի նկատմամբ վերջնական դատավճիռ է կայացրել. հարցումն ուղարկվել է անձի բացակայությամբ կայացված դատավճռի հիման վրա եւ հանձնումից հետո չի երաշխավորվում այդ դատավճռի վերանայումը։ Հանձնումը կարող է մերժվել նաեւ, եթե արարքը, որի համար պահանջվում է հանձնում, հայցվող կողմի ազգային օրենքների համաձայն գտնվում է նրա իրավասության ներքո։ Հանձնումը մերժելու նշված հիմքերը բխում են ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված՝ պետության ինքնիշխանության սկզբունքից եւ համապատասխանում են Սահմանադրության 15, 16, 24, 38 եւ 42 հոդվածների պահանջներին։

5. Պայմանագրի 8 հոդվածի համաձայն՝ անհետաձգելի դեպքերում հնարավոր է անձի ժամանակավոր կալանավորումը 30 օր ժամկետով՝ մինչեւ հարցումը եւ անհրաժեշտ փաստաթղթերն ստանալը։ Ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 486 հոդվածի, որը նման դեպքերում կալանքի առավելագույն ժամկետ է սահմանում մեկ ամիս, պայմանագիրը հնարավոր է համարում այդ ժամկետի երկարացումը 15 օրով։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 485 հոդվածի 4-րդ կետի համաձայն նման դեպքերում կալանքի վերցված անձն իրավունք ունի կանգնել դատարանի առջեւ՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը կամ ձերբակալումը հաստատելու, փոխելու կամ վերացնելու համար։ Սահմանադրական դատարանը նշում է, որ ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի համաձայն բոլոր դեպքերում անձը կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հանձնման մասին 2002թ. ապրիլի 20-ին Աբու Դաբիում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19 օգոստոսի 2002 թվականի
ՍԴՈ - 371

print page Տպել էջը