2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌՆՉՎՈՂ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ, ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 19 օգոստոսի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21 եւ 56 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի ապրիլի 20-ին Աբու Դաբիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ քաղաքացիական եւ տնտեսական գործերով դատական փաստաթղթերի եւ դրանց առնչվող արտադատական փաստաթղթերի հանձնման, ապացույցների ձեռքբերման, դատական որոշումների ճանաչման եւ կատարման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն պայմանագիրն ստորագրվել է 2002 թվականի ապրիլի 20-ին՝ Աբու Դաբիում, որի նպատակն իրավական հարաբերությունների ոլորտում Կողմերի միջեւ արդյունավետ համագործակցություն հաստատելն է, մասնավորապես՝ քաղաքացիական եւ տնտեսական գործերով:
2. Պայմանագրով նախատեսված են իրավական օգնության բնագավառում Կողմերի իրավասու մարմինների՝ միմյանց հետ հաղորդակցվելու պայմաններն ու կարգը, մասնավորապես, այդպիսի օգնության շրջանակները, քաղաքացիական եւ տնտեսական գործերով դատական փաստաթղթերի եւ դրանց առնչվող արտադատական փաստաթղթերի հանձնման, ապացույցների ձեռքբերման, դատական որոշումների եւ միջնորդ դատարանների որոշումների ճանաչման ու կատարման կարգը, ինչպես նաեւ իրավական օգնությունը մերժելու հիմքերն ու կարգը:
3. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված փաստաթղթերի հանձնման, ապացույցների ձեռքբերման առնչությամբ ծախսերի ու վճարների հետ:
4. Կողմերը նախատեսել են նաեւ դրույթներ պայմանագրի մեկնաբանման եւ կիրառման հետ կապված վեճերի լուծման, պայմանագրի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի եւ դադարեցման, ինչպես նաեւ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու կարգի վերաբերյալ:
5. Պայմանագիրը կնքված է երկու բնօրինակով՝ հայերեն, արաբերեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն պայմանագրի մեկնաբանությունների հետ կապված տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
6. Պայմանագրում ամրագրված պարտավորություններն
իրենց բնույթով համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ
միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների հետ ապահովում են բարիդրացիական
եւ փոխշահավետ համագործակցություն:
Այդ պարտավորությունները համահունչ են նաեւ պետությունների միջեւ իրավական փոխօգնության,
մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում ՄԱԿ-ի, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում
կնքված միջազգային պայմանագրերի, մասնավորապես, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների
մասին միջազգային դաշնագրին կից՝ 1966 թվականի դեկտեմբերի 16-ի կամընտիր արձանագրության,
Քաղաքացիական դատավարության մասին 1954 թվականի մարտի 1-ի Հաագայի կոնվենցիայի,
Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների
մասին 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի եւ միջազգային այլ պայմանագրերի
դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թվականի ապրիլի 20-ին Աբու Դաբիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ քաղաքացիական եւ տնտեսական գործերով դատական փաստաթղթերի եւ դրանց առնչվող արտադատական փաստաթղթերի հանձնման, ապացույցների ձեռքբերման, դատական որոշումների ճանաչման եւ կատարման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
19 օգոստոսի 2002 թվականի
ՍԴՈ - 372