ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 19 օգոստոսի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Կատարի Պետության միջեւ համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շուգարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002թ. ապրիլի 22ին՝ Դոհայում, պայմանավորվող պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու, ինչպես նաեւ բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խրախուսելու նպատակով:

2. Համաձայնագրի նպատակն իրականացնելու համար Կողմերը որոշել են հիմնել հայ-կատարական հանձնաժողով, որը կներկայացվի երկու պետությունների առեւտրի եւ տնտեսության նախարարների կամ նրանց կողմից նշանակված ներկայացուցիչների մակարդակով եւ կներառի Կողմերի համագործակցության համապատասխան բնագավառների ներկայացուցիչներին:
Համաձայնագրով նախատեսված է նաեւ, որ համատեղ հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել ենթահանձնաժողովներ, մշտական կամ ժամանակավոր աշխատանքային խմբեր, որոնց ընդունած եզրակացությունները կներկայացվեն համատեղ հանձնաժողովի հաստատմանը:

3. Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են.
խրախուսել երկու պետությունների միջեւ տնտեսական, առեւտրային, մշակութային, գիտական, տեխնիկական, տեղեկատվական եւ կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացումը,
հետեւել երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրերի կատարմանը եւ յուրաքանչյուր դժվարության առաջացման դեպքում դրանք ներկայացնել համատեղ հանձնաժողովի լուծմանը,
զարգացնել տեղեկատվության եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ՝ երկկողմ համագործակցության խրախուսումը՝ բանակցությունների միջոցով,
նախանշել մասնագիտացված հանձնաժողովների գործունեության բնագավառները:

4. Համաձայնագրում Կողմերը նախատեսել են նաեւ դրույթներ համատեղ հանձնաժողովի աշխատակարգի, համաձայնագրի կատարման, ուժի մեջ մտնելու, դադարելու վերաբերյալ:

5. Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների միջեւ ապահովում են բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Կատարի Պետության միջեւ համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19 օգոստոսի 2002 թվականի
ՍԴՈ - 373

print page Տպել էջը