ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ.Երեւան 10 սեպտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ.Թոխյանի, Հ.Նազարյանի, Ռ.ապայանի, Վ.ողոսյանի, Վ.Սահակյանի, Մ.Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի ապրիլի 4-ին Բիշկեկում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա.Մարտիրոսյանի բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Պայմանագիրն ստորագրվել է 2002թ.ապրիլի 4-ին Բիշկեկում՝ Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության միջեւ բարեկամական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդման նպատակով:
Պայմանագրով Կողմերը պարտավորվում են.
- միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին եւ նորմերին համապատասխան նպաստել միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը,
- զարգացնել համագործակցությունն առեւտրատնտեսական, կրթության, գիտության ու տեխնիկայի, մշակույթի, շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման, առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ սոցիալական ապահովման, աշխատանքային հարաբերությունների եւ այլ բնագավառներում,
- համագործակցել կազմակերպված հանցավորության, կաշառակերության, միջազգային ահաբեկչության, ապօրինի ֆինանսական գործառնությունների, թմրամիջոցների, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի, զենքի եւ ռազմամթերքի անօրինական շրջանառության եւ այլ իրավախախտումների դեմ պայքարում,
- նպաստել էներգետիկայի, ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաների կիրառման, տրանսպորտի, ինֆորմատիկայի ու կապի, հեռուստահաղորդակցությունների եւ ռադիոհաղորդակցությունների բնագավառում համագործակցության զարգացմանը,
- համագործակցել մաքսային գործի, ռազմական ու երկակի նշանակության նյութերի եւ տեխնոլոգիաների արտահանման ու ներմուծման նկատմամբ հսկողության բնագավառում Կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերով,
- նպաստել տարանցիկ գործառնությունների իրականացմանը՝ առանձին միջազգային պայմանագրերով սահմանվող պայմաններին համապատասխան,
- իրենց տարածքներում համապատասխան միջոցներ ձեռնարկել, ներառյալ օրենսդրական ակտերի ընդունումը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ազգային, ռասայական, էթնիկական, մշակութային կամ կրոնական անհանդուրժողականության, թշնամանքի, ատելության կամ խտրականության վրա հիմնված ցանկացած գործողությունների կանխման եւ խափանման համար,
- պայմանագրի դրույթների իրագործումն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերով անցկացնել խորհրդակցություններ եւ կնքել առանձին երկկողմ միջազգային պայմանագրեր:
Պայմանագրով սահմանվում է, որ Կողմերի քաղաքացիների իրավական կարգավիճակը որոշվում է պայմանագրի մասնակից պետությունների միջեւ կնքվող առանձին միջազգային պայմանագրով:
Պայմանագրով նաեւ նախատեսվում է, որ պայմանագրի մասնակից պետություններից մեկի տարածքում գտնվող մյուս մասնակից պետության պետական գույքի, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների գույքի իրավական ռեժիմը կարգավորվում է գույքի գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ մասնակից պետությունների միջեւ կնքված միջազգային պայմանագրով:

Պայմանագրի համաձայն, այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության միջեւ հարաբերություններում ուժը կորցնում է 1993թ.մարտի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների հիմունքների մասին պայմանագիրը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1.2002թ.ապրիլի 4-ին Բիշկեկում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 374

print page Տպել էջը