ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 10 սեպտեմբերի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 եւ 56 հոդվածներով,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի փոխադարձաբար մատակարարումների մասին 2002 թվականի հունիսի 6-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է
2002թ. հունիսի 6-ին Մինսկում՝ Կողմերի միջեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի
փոխադարձաբար մատակարարումների բնագավառում համագործակցություն իրականացնելու նպատակով:
Սույն համաձայնագիրը սերտորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության՝ ԱՊՀ-ի շրջանակներում
իրականացվող ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը:
2. Համաձայնագիրը նպատակաուղղված է երկկողմ պայմանավորվածությունների հաստատմամբ եւ ծրագրերի իրագործմամբ նպաստելու սպառազինության, ռազմական արտադրանքի փոխմատակարարումների, ռազմական արդյունաբերության եւ այլ բնագավառներում համագործակցելու միջոցով երկու երկրների պաշտպանական ներուժերի ամրապնդմանը:
3. Սույն համաձայնագրով սահմանվում են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, արդիականացման, նորոգման ու մատակարարման իրականացման կարգը, համաձայնագրի դրույթների անմիջական իրագործման համար նշանակվող լիազորված մարմինները, կարգավորվում են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի փոխադարձաբար մատակարարումների պլանների մշակման, Կողմերի տնտեսավարող սուբյեկտների միջեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտադրության, արդիականացման եւ նորոգման համար անհրաժեշտ ապրանքների փոխադարձաբար մատակարարումների իրականացման հետ կապված եւ մի շարք այլ հարցեր:
4. Համաձայնագրի դրույթների իրագործման ընթացքում Կողմերը ղեկավարվում են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, մատակարարման, ստանդարտացման հարցերը կարգավորող՝ ինչպես գործող ներպետական, այնպես էլ միջազգային նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով:
5. Կողմերը պարտավորվում են չլիցենզավորել եւ չքվոտավորել ցանկերի համաձայն մատակարարվող արտադրանքը, միմյանց տարածքներում մաքսային վճարներ չգանձել այդ ապրանքներից, միմյանց տեխնիկական օգնություն ցուցաբերել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերականգնման եւ սպասարկման ուղղությամբ, ապահովել սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված տեղեկության պահպանումը, ինչպես նաեւ պահպանել գաղտնիության համաձայնեցված աստիճանը:
6. Կողմերը նախատեսել են նաեւ դրույթներ համաձայնագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի եւ դադարեցման, ինչպես նաեւ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու կարգի վերաբերյալ:
7. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելառուսերեն եւ ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Համաձայնագրի դրույթների մեկնաբանման դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի փոխադարձաբար մատակարարումների մասին 2002 թվականի հունիսի 6-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
10 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 375