ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2002Թ. ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ՏԱԼԼԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 10 սեպտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ . Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին 2002թ. հունիսի 27-ին Տալլինում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագրի նպատակն է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա ապահովել երկու պետությունների միջեւ երկարատեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, շահավետ պայմաններ ստեղծել միմյանց ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առեւտրատնտեսական գործունեության համար։

2. Ըստ համաձայնագրի՝ Պայմանավորվող կողմերն իրենց երկրների տարածքից ծագող ապրանքների առեւտրի եւ առեւտրատնտեսական համագործակցության այլ ձեւերի կապակցությամբ միմյանց տրամադրում են առավել բարենպաստման ռեժիմ, այն է՝ ապրանքների եւ ծառայությունների արտահանման ու ներմուծման, դրանց հարկման կապակցությամբ Կողմերը միմյանց տրամադրում են այնպիսի բարենպաստ իրավունքներ ու արտոնություններ, որոնք տրամադրվում են որեւէ երրորդ երկրի։ Բացառություն են կազմում այն արտոնությունները, որոնք Կողմերը տրամադրում են սահմանակից երկրներին՝ սահմանամերձ առեւտրի խրախուսման նպատակով, զարգացող երկրներին՝ համապատասխան միջազգային համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաեւ մաքսային միություններում եւ կամ ազատ առեւտրի գոտիներում Կողմերից յուրաքանչյուրի մասնակցությունից բխող արտոնությունները։

3. Պայմանավորվող կողմերը միմյանց ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ իրենց անձնական եւ գույքային իրավունքները դատական եւ վարչական մարմիններում պաշտպանելու կապակցությամբ տրամադրում են ազգային ռեժիմ։ Էստոնիայի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դատական պաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքների տրամադրումը բխում է ՀՀ Սահմանադրության 16, 38 եւ 39 հոդվածներից։

4. Քննության առարկա համաձայնագիրն ստեղծում է նաեւ միջոցներ՝ մի պայմանավորվող կողմի ապրանքների ներմուծման արդյունքում մյուս պայմանավորվող կողմի տեղական արտադրողներին սպառնացող վնասը կանխելու եւ նրանց այդ վնասներից պաշտպանելու համար։

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխադարձաբար պարտավորվում է նաեւ ապահովել Էստոնիայի մաքսային տարածքում արտադրվող կամ այդ մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների անսահմանափակ տարանցումը ՀՀ մաքսային տարածքով։ Ապրանքների ազատ տարանցումը սույն համաձայնագրի իրականացման հիմնական պայմանն է։

6. Համաձայնագրի իրագործումն ապահովելու նպատակով Կողմերը համաձայնում են ստեղծել Համատեղ հանձնաժողով։ Հանձնաժողովն իրավասու է հետեւելու համաձայնագրի իրագործման աշխատանքներին, մշակելու համապատասխան հանձնարարականներ, ուսումնասիրելու երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին 2002թ. հունիսի 27-ին Տալլինում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 376

print page Տպել էջը