ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԴՈՀԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 17 սեպտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի, հրավիրված՝ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին 2002 թվականի ապրիլի 22ին Դոհայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Պետրոսյանի բացատրությունները, հրավիրված Կ. Ճշմարիտյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի ապրիլի 22ին՝ Դոհայում:
Համաձայնագրի նպատակը Կողմերի տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ եկամուտների կրկնակի հարկման, հարկումից խուսափելու եւ հարկային խտրականության անթույլատրելիությունն է։

2. Համաձայնագրով սահմանված են գործող հարկերի տեսակները, հարկման օբյեկտները, կրկնակի հարկումը բացառելու եղանակներն ու դեպքերը։

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
- չհարկել Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներ եւ Կատարի Պետության ռեզիդենտներ հանդիսացող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական գործունեությունից Հայաստանի Հանրապետությունում ստացված շահույթը, եթե այն չի ստացվել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության միջոցով,
- հարկել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից Կատարի Պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները, եթե գանձվող հարկը չի գերազանցում շահաբաժինների համախառն գումարի 5 %ը, երբ ներդրված կապիտալը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը,
- հարկել Հայաստանի Հանրապետությունում առաջացող եւ Կատարի Պետության ռեզիդենտին վճարված ռոյալթին, եթե գանձվող հարկը չի գերազանցում ռոյալթիի համախառն գումարի 5 %-ը, իսկ վճարվող ռոյալթիի ստացումը կապված չէ Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Կատարի Պետության ռեզիդենտի մշտական հաստատության հետ,
- ծանուցել հարկային օրենքներում կատարված փոփոխությունները,
- ապահովել համաձայնագրով նախատեսված գործողությունների փոխհամաձայնեցումը։

4. Համաձայնագրի դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվածներ 4, 8, 9 եւ այլն) կոչված են Կողմերի միջեւ հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության համար, ապահովել մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը եւ այլն։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին 2002 թվականի ապրիլի 22-ին Դոհայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

17 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 377

print page Տպել էջը