ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՌԻԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 24 սեպտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հունիսի 26-ին Ռիգայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լատվիայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 2002թ. հունիսի 26-ին Ռիգայում՝ Հայաստանի Հանրապետության եւ Լատվիայի Հանրապետության քաղաքացիների փոխադարձ այցելությունների գործող կարգի հեշտացման նպատակով:

Համաձայնագիրը նախատեսում է, որ Կողմերի քաղաքացիների մուտքը, ելքը, տարանցմամբ անցումը եւ ժամանակավորապես Կողմերից մեկի տարածքում գտնվելը թույլատրվում է համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող՝ դրան կից հավելվածի 1-ին եւ 3-րդ կետերում նշված փաստաթղթերի առկայության դեպքում:

Համաձայնագրով նախատեսվում է, որ դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների մուտքը, ելքը, տարանցիկ անցումը եւ Կողմ պետության տարածքում գտնվելն իրականացվում են առանց մուտքի արտոնագրի՝ 90 օրից ոչ ավելի՝ կես տարվա ընթացքում: Այն կարող է երկարաձգվել Կողմերի ներպետական օրենսդրությանը համապատասխան: Մյուս Կողմ պետության տարածքում գտնվող դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող՝ դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ առեւտրային ներկայացուցչության աշխատակիցների մուտքը, ելքը եւ մյուս Կողմի պետության տարածքում հավատարմագրման ամբողջ ժամանակաշրջանում գտնվելն ապահովվում է առանց մուտքի արտոնագրի: Համաձայնագիրն նախատեսում է, որ նշված դրույթները վերաբերում են նաեւ այդ անձանց հետ իրենց պաշտոնավարության ընթացքում ապրող ընտանիքների անդամներին, որոնք ունեն դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր:

Համաձայնագրում սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնց Կողմերի իրավասու մարմինները պետք է տրամադրեն անվճար մուտքի արտոնագրեր եւ բազմակի արտոնագրեր:

Համաձայնագրով նախատեսված են նաեւ այն պայմանները, որոնց առկայության դեպքում Կողմերի իրավասու մարմինները հումանիտար բնույթի անհետաձգելի դեպքերում պետք է քսանչորս ժամվա ընթացքում տրամադրեն անվճար մուտքի արտոնագիր:

Համաձայնագիրը նախատեսում է, որ Կողմերից յուրաքանչյուրը կարող է պետական անվտանգության կամ հասարակական կարգի ապահովման, կամ բնակչության առողջության պաշտպանության նպատակով դադարեցնել համաձայնագրի առանձին դրույթների գործողությունը, որի մասին պետք է անհապաղ տեղեկացնի մյուս Կողմին:

Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածով սահմանվում են այն փաստաթղթերը, որոնք Կողմերը սույն համաձայնագրով սահմանից դուրս վավերական են ճանաչում:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2002 թվականի հունիսի 26-ին Ռիգայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լատվիայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 379

print page Տպել էջը