ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 24 սեպտեմբերի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ.Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Թ. Մարգարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002թ. հունիսի 6-ին Մինսկում՝ երկու պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, տնտեսական, առեւտրային, գիտատեխնիկական, մշակութային եւ այլ կապերի ամրապնդմանը՝ Կողմերի քաղաքացիների փոխայցելությունները կարգավորելու միջոցով, նպաստելու նպատակով:
2. Համաձայնագրի նպատակն իրականացնելու համար Կողմերը որոշել են միմյանց պետությունների քաղաքացիներին հնարավորություն տալ՝ առանց արտոնագրերի եւ համաձայնագրի երկու հավելվածներում որոշված՝ անձը հավաստող եւ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա, մուտք գործել մյուս Կողմի պետության տարածք, այդտեղից դուրս գալ, ինչպես նաեւ տարանցիկ երթեւեկել: Ընդ որում, մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ժամանակ տվյալ Կողմի պետության քաղաքացիները պարտավոր են պահպանել գտնվելու վայրի օրենսդրությունը:
3. Համաձայնագրով նախատեսված բացառիկ դեպքերում Կողմերը նախատեսել են նաեւ դրա գործողության ժամանակավորապես, մասամբ կամ ամբողջությամբ կասեցում՝ այն պայմաններով եւ ժամկետում, որոնք որոշված են համաձայնագրի 4 հոդվածում:
4. Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են կանոնավոր կերպով միմյանց տեղեկացնել իրենց պետություններում օտարերկրյա քաղաքացիների կեցության, համաձայնագրի կարգավորման բնագավառի վերաբերյալ ներպետական օրենսդրության եւ դրանում կատարված փոփոխությունների մասին:
5. Կողմերը նախատեսել են նաեւ դրույթներ համաձայնագրի կատարման, ուժի մեջ մտնելու, դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, հնարավոր տարաձայնությունները լուծելու, համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
6. Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների միջեւ ապահովում են բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն, այնպես էլ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Հռոմի կոնվենցիայով (արձանագրություն թիվ 4) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին, քանի որ ապահովում են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունք՝ ներպետական օրենսդրությամբ նախատեսված այն բացառություններով, որոնք անհրաժեշտ են պետական եւ հասարակական անվտանգությունը, ինչպես նաեւ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն ապահովելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
24 սեպտեմբերի
2002 թվականի
ՍԴՈ - 380