ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2002Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 24 սեպտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2002թ. հուլիսի 1-ին Երեւանում ստորագրված զարգացման վարկային համաձայնագրում (Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Այվազյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայն քննության առարկա համաձայնագրի՝ Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը տարբեր տարադրամներով տրամադրում է 6.700.000 փոխառության հատուկ իրավունքներին (SDR) համարժեք գումար՝ բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրի իրականացումը ֆինանսավորելու համար։ Ծրագրի նպատակն է նպաստել բնական պաշարների կայուն կառավարմանը եւ Հյուսիսային Հայաստանի դեգրադացված լեռնային շրջանների գյուղական բնակչության չքավորության նվազեցմանը։

Բացի սույն համաձայնագրով ներգրավվող վարկային միջոցներից, Ծրագրի իրականացման համար դրամաշնորհային համաձայնագրերի հիման վրա հատկացվելու են նաեւ 4.100.000 փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի խնամառու հիմնադրամի կողմից եւ 10.000.000 շվեդական կրոն գումար՝ Շվեդական միջազգային զարգացման գործակալության կողմից։

2. Փոխառուն վարկի չառհանված հիմնագումարի դիմաց պարտավորվում է վճարել պարտագումար՝ Ընկերակցության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվելիք տոկոսադրույքով, բայց ոչ ավելի, քան տարեկան 1 %-ի 1/2-ի չափով, ինչպես նաեւ սպասարկման վարձ՝ վարկի հիմնագումարի առհանումների եւ մնացորդային գումարների դիմաց։

Փոխառուն վարկի գումարը մարելու է կիսամյակային մուծումներով՝ սկսած 2012 թվականից մինչեւ 2042 թվականը։

Փոխառուն պարտավորվում է նաեւ վարել վարկի ֆինանսական կառավարման համակարգ եւ պատրաստել ֆինանսական հաշվետվություններ՝ Ընկերակցության համար ընդունելի ձեւով, որոնք ճշգրտորեն կարտացոլեն Ծրագրի հետ կապված գործառնությունները, միջոցները եւ ծախսերը։ Բացի ընթացիկ հաշվետվություններից, փոխառուն պետք է ներկայացնի նաեւ ֆինանսական մոնիտորինգի հաշվետվություն՝ նշելով Ծրագրի միջոցների աղբյուրներն ու օգտագործումը, սույն համաձայնագրի հիման վրա տրամադրված միջոցները։ Ֆինանսական մոնիտորինգի հաշվետությամբ պետք է նաեւ հիմնավորվի պլանավորված եւ փաստացի օգտագործված գումարների տարբերությունը։

3. Հայաստանի Հանրապետությունը, որպես փոխառու, պարտավորվում է նաեւ վարել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի Ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ շարունակական վերահսկողության եւ դրա գնահատման հնարավորությունը։ Փոխառուն Ծրագրի իրականացման ողջ ընթացքում պետք է պահպանի Ծրագրի իրականացման գրասենյակ, ունենա Ծրագրի կառավարման խորհուրդ՝ Ծրագրի իրականացման համար պահանջվող վերահսկողությունն իրականացնելու նպատակով։

4. Հայաստանի Հանրապետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնում համաձայնագրով նախատեսված առանձին միջոցառումներ իրականացնելու կապակցությամբ։ Մասնավորապես, պետք է հզորացնել անտառային ծառայությունը՝ այն դարձնելով առավել արդյունավետ ու թափանցիկ, ընդունել եւ իրականացնել կառավարման պլաններ եւ այլն:

5. Համաձայնագրի հավելված 1-ով սահմանված են վարկի միջոցներից ֆինանսավորվելիք վճարումների կատեգորիաները, այն է՝ աշխատանքներ՝ 3.120.000 SDR, ապրանքներ՝ 700.000 SDR, խորհրդատվական ծառայություններ, ներառյալ աուդիտի ծառայությունները եւ վերապատրաստումը՝ 1.100.000 SDR, ենթադրամաշնորհներ՝ 140.000 SDR, աճողական ընթացիկ ծախսեր՝ 470.000 SDR, Ծրագրի նախապատրաստման կանխավճարի հատուցում՝ 360.000 SDR։

6. Համաձայնագրի հավելված 2-ը մանրամասնում է Ծրագրի բաղադրիչները։ Ծրագրի բաղադրիչներն են՝ ջրհավաք ավազանների համայնքային կառավարումը, պետական ֆոնդի անտառների կատարելագործված կառավարումը, պահպանվող տարածքների կառավարումը եւ կենսաբազմազանության պահպանությունը, ինչպես նաեւ Ծրագրի կառավարման ու իրականացման աջակցությունը։ Սահմանված են Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները։ Մասնավորապես, մշակվելու եւ իրագործվելու են Դիլիջանի պետական արգելոցի եւ «Սեւան» ազգային ավազանի պահպանվող տարածքների կառավարման պլանները, Ծրագրի գործողության գոտում գտնվող՝ հատուկ պահպանվող տարածքների պահպանության, կառավարման եւ քաղաքականության ձեւավորման նպատակով հզորացվելու է բնապահպանության նախարարությունը։

7. Ծրագրի վերոհիշյալ բաղադրիչներից յուրաքանչյուրի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են տարբեր աղբյուրներից ներգրավված դրամաշնորհների եւ վարկային միջոցներով։

Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման որոշ ծախսեր ֆինանսավորվել են Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2002թ. մայիսի 7-ին ստորագրված՝ «Կանխավճար բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման համար» PPF Q320-0AM նամակ-համաձայնագրի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը տրամադրված 450.000 ԱՄՆ դոլարի չափով կանխավճարով։ Վերջինս մասնավորապես նախատեսվել է Ծրագրի իրականացման նախապատրաստման նպատակներով իրականացվելիք փոքրածավալ շինարարական աշխատանքների ուսումնասիրության ու նախագծման, տեղական համայնքային խորհրդակցական խմբերի ստեղծման, դասընթացների կազմակերպման եւ տեխնիկական աջակցության տրամադրման համար։

8. Համաձայնագրի հավելված 3-ով կանոնակարգված է ապրանքների եւ աշխատանքների, խորհրդատուների ընտրության ընթացակարգը։

Ծրագիրն իրականացվելու է ըստ համաձայնագրի հավելված 4-ով նախատեսված՝ Ծրագրի իրականացման պլանի։ Հավելվածը նախատեսում է նաեւ փոխառուի՝ ենթածրագրերի ընտրության, հաստատման, իրականացման եւ գնահատման, շահառուներին ենթադրամաշնորհների տրամադրման հետ կապված որոշակի պարտավորություններ։

Համաձայնագիրն ամրագրում է Ծրագրի նպատակների համար հատուկ հաշիվ բացելու փոխառուի իրավունքը, հատուկ հաշվին գումարների ավանդադրման եւ դրանից վճարումներ կատարելու կարգը։

9. Քննության առարկա համաձայնագրի ուժի մեջ մտնելը պայմանավորված է որոշակի հանգամանքներով, այն է՝ փոխառուի կողմից Ընկերակցությանը հավաստիացում ներկայացնելն առ այն, որ Ծրագրի իրականացման գրասենյակը համալրված է եւ կարող է գործել Ընկերակցության համար ընդունելի ձեւով, մշակվել եւ ներկայացվել է Դրամաշնորհային համաձայնագիրը, բացված է Ծրագրի հաշիվը, կազմված է գործառնական ձեռնարկը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2002թ. հուլիսի 1-ին Երեւանում ստորագրված զարգացման վարկային համաձայնագրում (Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 381

print page Տպել էջը