2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 24 սեպտեմբերի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի ապրիլի 20-ին Աբու Դաբիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 09.09.02թ. ՀՆ-1228 թվակիր դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, ուսումնասիրելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002 թ. ապրիլի 20-ին Աբու Դաբիում՝ երկու Կողմերի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման եւ ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։ Ներդրումների խրախուսման պարտավորությունը, ըստ համաձայնագրի, ներառում է բոլոր անհրաժեշտ թույլտվությունների, համաձայնությունների, արտոնագրերի եւ լիազորությունների տրամադրումը՝ ազգային օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում (2 հոդվածի 2-րդ կետ), Կողմերի տարածքներ անձնակազմի մուտք գործելու, այնտեղ գտնվելու եւ աշխատելու թույլատրումը (2 հոդվածի 4-րդ կետ), ներդրման հետ կապված ապրանքների եւ անձանց տեղափոխման դեպքում տրանսպորտային փոխադրումներն իրականացնելու հնարավորության ընձեռումը մյուս Կողմի ձեռնարկություններին (2 հոդվածի 5-րդ կետ), իր տարածքում մյուս Կողմի ներդրողների նկատմամբ արդար եւ հավասար ռեժիմի ապահովումը, ներդրումների «լիարժեք եւ հաստատուն պաշտպանության եւ ապահովության» երաշխավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ համաձայնագրի դրույթների համաձայն (3 հոդվածի 1-ին կետ) եւ այլ դրույթներ, որոնք կոչված են հստակեցնելու փոխադարձ ներդրումներին առնչվող իրավական դաշտը:
Նախատեսված է վեճերի լուծման կարգը՝ ինչպես որոշակի ներդրումների կապակցությամբ, այնպես էլ Կողմերի միջեւ ծագած մեկնաբանական վեճերի առումով:
Համաձայնագրի գործողության ժամկետն է 15 տարի, նախատեսված են այն երկարաձգելու կամ դադարեցնելու, ինչպես նաեւ համաձայնագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հնարավորությունն ու կարգը:
Սահմանադրականության առումով հարկ է կարեւորել խտրականության բացառումը, ներդրումների հանդեպ խոչընդոտների ստեղծման կամ պարտադիր պայմանների կիրառման մերժումը, ներդրողների պահանջով օրենքները եւ ենթաօրենսդրական ակտերը, դատական որոշումները հասանելի դարձնելու պահանջը (3 հոդվածի 1-2-րդ կետեր) եւ այլ պարտավորություններ: ՀՀ Սահմանադրության պահանջներին (հոդվ. 38) համահունչ է նարեւ ներդրողի համար նախատեսված իրավունքը՝ իր օրինական շահերի պաշտպանության նպատակով դիմելու «բոլոր այն մարմիններ, որոնք իրականացնում են դատական գործառույթներ» (3 հոդվածի 3-րդ կետ): Օտարման կամ դրան համազոր գործողությունների արգելքը զուգորդված է բացառությունների դեպքերում համարժեք փոխհատուցման պայմանների հստակ թվարկմամբ (6 հոդվածի 1-4-րդ կետեր), ինչը բխում է ՀՀ Սահմանադրության պահանջներից (հոդվ. 28): Միջազգային պայմանագրերով կամ ազգային օրենսդրությամբ ավելի բարենպաստ ռեժիմի սահմանման դեպքում, ըստ համաձայնագրի, իր նկատմամբ գերակայելու են նաեւ ազգային օրենքների համապատասխան դրույթները (11 հոդված)։ Ազգային օրենսդրության գերակայության մասին տվյալ վերապահությամբ վերացվում է մտավախությունն առ այն, որ համաձայնագրում ներդրումների օտարմանը վերաբերող հոդվածում բացակայում են բացառիկության հանգամանքը եւ հատուցման նախնական լինելու պայմանը: Համաձայնագրի դրույթները կվերաբերեն նաեւ այն ներդրումներին, որոնք իրականացվել են մինչ համաձայնագրի ուժի մեջ մտնելը (12 հոդվածի 1-ին կետ): Համաձայնագրին հետադարձ ուժ տալու այս դրույթը չի հակասում սահմանադրական այն տրամաբանությանը, որին հետեւում է ՀՀ Սահմանադրության 42 հոդվածը, ըստ որի՝ հետադարձ ուժ չեն կարող ստանալ միայն «պատասխանատվություն սահմանող կամ […] խստացնող» նորմերը: Թեպետ այս սահմանադրական դրույթը տեղադրված է քրեական պատասխանատվության համատեքստում, այնուհանդերձ, հուշում է, որ ՀՀ Սահմանադրությամբ չի բացառվում անձի վիճակը բարելավող նորմերին հետադարձ ուժ տալու հնարավորությունը, որպիսիք են համաձայնագրի էությունը կազմող նորմերը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թվականի ապրիլի 20-ին Աբու Դաբիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
24 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 383