ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2002Թ. ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԴՈՀԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 24 սեպտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության մասին 2002թ. ապրիլի 22-ին Դոհայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2002թ. ապրիլի 22-ին՝ Դոհա քաղաքում։ Համաձայնագրի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների կատարման համար։

2. Համաձայնագրով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- խրախուսել եւ բարենպաստ պայմաններ ստեղծել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իր տարածքում ներդրումներ կատարելու համար,

- մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ սահմանել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը կիրառվում է սեփական կամ ցանկացած երրորդ երկրի ներդրողների ներդրումների նկատմամբ,

- չօտարել ներդրումները, բացառությամբ այն դեպքերի, երբ այն բխում է հասարակական կարիքներից եւ իրականացվում է առանց խտրականության՝ Պայմանավորվող կողմերի օրենսդրություններով նախատեսված փոխհատուցմամբ,

- ապահովել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների՝ իր տարածքում կատարված ներդրումների հետ կապված դրամական միջոցների ազատ փոխանցումը հարկային պարտավորությունների կատարումից հետո՝ առանց անհիմն ուշացումների եւ խտրականության,

- թույլատրել մյուս Պայմանավորվող կողմի ֆիզիկական անձանց կամ այն անձանց, որոնց նշանակել կամ վարձել են մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները, մուտք գործել եւ մնալ իր տարածքում ներդրումների հետ կապված գործունեությանը մասնակցելու նպատակով։

3. Համաձայնագրով նախատեսված է նաեւ Պայմանավորվող կողմերի միջեւ վեճերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ դրա գործողության դադարեցման կարգը։

4. Համաձայնագիրը կոչված է խթանելու կապիտալի եւ տեխնոլոգիաների հոսքը Պայմանավորվող կողմերի միջեւ, որն իր հերթին կնպաստի Կողմերի տնտեսական զարգացմանը։ Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9, 28 հոդվածների դրույթներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության մասին 2002թ. ապրիլի 22-ին Դոհայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 384

print page Տպել էջը