ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 24 սեպտեմբերի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002թ. ապրիլի 22-ին Դուշանբեում՝ Կողմերի միջեւ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը նպաստելու եւ միմյանց տարածքներում ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:
Համաձայնագրի առարկա հանդիսացող ներդրումներն ընդգրկում են տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքային եւ մտավոր բոլոր արժեքները, որոնք համաձայնագրի 2 եւ 3 հոդվածներին համապատասխան կգտնվեն Կողմերի լիակատար պաշտպանության ներքո՝ այնպիսի ռեժիմով, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը տրամադրվում է Կողմի սեփական ներդրողներին կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին եւ այդպիսի ներդրումների հետ կապված գործողություններին, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են համաձայնագրի 3 հոդվածի 3-րդ կետում:
2. Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են.
- խրախուսել միմյանց տարածքներում ներդրումների իրականացումը՝ ազգային օրենսդրությանը համապատասխան,
- ապահովել ներդրումների հետ կապված գործունեության նկատմամբ անխտրական եւ իրավահավասար ռեժիմ,
- համաձայնագրում նախատեսված պայմաններով երաշխավորել ներդրողների կողմից բոլոր հարկային եւ պարտադիր այլ վճարումների կատարումից հետո ներդրումների հետ կապված վճարումների անարգել փոխանցում,
- ձգտել համագործակցության ոգով հասնելու փոխադարձ ներդրումներին վերաբերող ցանկացած վիճելի հարցի արագ եւ արդար լուծմանը:
Կողմերը նախատեսել են նաեւ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների եւ ներդրումների խրախուսման ու պաշտպանության բնագավառում միջազգային իրավունքին համապատասխան ստանձնած այլ պարտավորությունների հարաբերակցության կարգը՝ գերակայություն տալով ներդրումային առավել բարենպաստ կանոններ պարունակող նորմերին:
3. Համաձայնագրով Կողմերը նախատեսել են ներդրումների հնարավոր օտարման, արտակարգ եւ նման այլ իրավիճակներում հասցված վնասների փոխհատուցման կարգն ու պայմանները, համաձայն որոնց՝ ներդրումը կարող է օտարվել բացառիկ դեպքերում, երբ իրականացվում է պետական եւ հասարակական շահերից ելնելով, ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:
4. Համաձայնագրով նախատեսված են նաեւ դրույթներ ներդրողների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների, ներդրումային եւ համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ առաջացած վեճերի կարգավորման, Կողմերի միջեւ խորհրդակցությունների անցկացման, համաձայնագրի կիրառման, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետի եւ դադարման վերաբերյալ:
5. Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9 եւ 28 հոդվածներին, քանի որ, նախ՝ նպաստում են տնտեսական գործունեության ազատությանը եւ ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ապահովում պետությունների հետ բարիդրացիական ու փոխշահավետ համագործակցություն, բացի դրանից, երաշխավորում են տնտեսավարող անձանց ներդրումների անձեռնմխելիությունը՝ համաձայնագրով եւ ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգին ու բացառություններին համապատասխան: Այդ պարտավորությունները չեն հակասում Հայաստանի Հանրապետության միջազգային այլ, մասնավորապես՝ Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրով (1966թ.) ստանձնած պարտավորություններին, քանի որ տնտեսավարող անձանց համար ապահովում են իրենց իրավունքների իրականացման հավասար հնարավորություն եւ իրավունք՝ օրենքով սահմանված այնպիսի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են ժողովրդավարական հասարակությունում ընդհանուր բարեկեցությանը նպաստելու անհրաժեշտությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
24 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 385