ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 1 հոկտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ Սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ս. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21/1/ հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ օդային տրանսպորտի հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի 11.09.02թ. ՀՆ-1271 թվակիր դիմումն է սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Մարգարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 2002 թ. ապրիլի 22-ին Դոհայում՝ երկու պետությունների միջեւ եւ դրանց սահմաններից դուրս օդային հաղորդակցություններ հաստատելու եւ իրականացնելու նպատակով։

Համաձայնագրով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ստանձնած պարտավորությունների թվում են.
եւ մյուս Կողմին իր տարածքի վրայով անվայրէջք թռիչք իրականացնելու, ոչ առեւտրային նպատակներով իր տարածքում վայրէջքներ կատարելու իրավունքի տրամադրումը,
եւ ճանաչումը մյուս Կողմի օդանավի թռիչքային պիտանիության, իրավասության վկայականների, որոնք ուժի մեջ են եւ տրվել են համաձայն Չիկագոյի 1944 թ. կոնվենցիայի,
եւ մյուս Կողմի օդանավի, հաշվեցուցակային բորտային սարքավորումների, վառելանյութի ու քսանյութերի եւ փոխադարձության հիման վրա ինքնաթիռում առկա այլ անհրաժեշտ առարկաների ազատումը մաքսային տուրքերից, ակցիզային հարկերից եւ համանման վճարներից ու գանձումներից,
եւ վիճակագրական տվյալների ներկայացումը մյուս Կողմին,
եւ ավիացիոն անվտանգության ապահովումը՝ ըստ միջազգային իրավունքից բխող իրավունքների եւ պարտավորությունների,
եւ ավիաընկերություններին՝ ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցած գումարներն ազատորեն փոխանցելու իրավունքի վերապահումը:

Նախատեսված է վեճերի լուծման, համաձայնագրի դադարեցման, համաձայնագրում փոփոխություններ կատարելու կարգը:

Հատուկ ուշադրություն է հատկացված ավիաընկերությունների եւ դրանց ծառայությունից օգտվող անձանց շահերի հավասարակշռությանը, ինչը, մասնավորապես, արտահայտված է սակագներին վերաբերող նորմին. սակագները սահմանելու իրավունքը վերապահված է ավիաընկերությանը, սակայն այդ իրավունքը սահմանափակված է «ընդունելի չափերով», օգտագործողի շահերի հաշվառմամբ, շահույթի «չափավոր» լինելու պահանջով (հ. 8, կետ 1): Պատշաճ ուշադրության է արժանացած նաեւ ավիաընկերությունների շահերի հաշվեկշիռը, այդ թվում նախատեսված է, որ «ավիաընկերությունները հաշվի են առնելու մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների շահերը՝ այն նկատառումով, որ անտեւի վնաս չպատճառեն վերջիններիս կողմից միեւնույն երթուղիներում կամ նրանց մի մասում իրականացվող հաղորդակցություններին» (հ. 7, կետ 2): Այս վերապահումները, որոնցով փաստորեն հռչակվում են իրավունքների որոշակի սահմանափակումներ, միանգամայն համահունչ են միջազգայնորեն ճանաչված եւ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված այն դրույթին, ըստ որի օրենքով իրավունքները կարող են սահմանափակվել՝ այլոց իրավունքների պաշտպանության նպատակով (հ. 44):

Համաձայնագրում վկայակոչված է միջազգային պայմանագրերի մի շարք: Չնայած վերնագրերն աղավաղված են, սակայն տեքստից պարզ է, որ խոսքը վերաբերում է հետեւյալ կոնվենցիաներին. «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (Չիկագո, 1944), «Օդանավերում կատարվող հանցագործությունների եւ մի շարք այլ ակտերի մասին» (Տոկիո, 1963), «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» (Հաագա, 1970), «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» (Մոնրեալ, 1971): Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է դրանց, նաեւ Չիկագոյի կոնվենցիայի մի շարք հավելվածներին, լրացումներին եւ փոփոխությունների արձանագրություններին (1994 եւ 1996թթ.): Քանի որ համաձայնագրում «կոնվենցիա» տերմինը ներառում է եւ° Չիկագոյի կոնվենցիան, եւ° դրա բոլոր հավելվածները, լրացումներն ու փոփոխությունները, ապա կարեւոր է վերջինների նկատմամբ արված վերապահումը. խոսքն այն լրացումների ու փոփոխությունների մասին է, որոնք «ուժի մեջ են մտել երկու Պայմանավորվող կողմերի համար կամ վավերացվել նրանց կողմից» (հ. 1, կետ 1):

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2002 թվականի ապրիլի 22-ին Դոհայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ օդային տրանսպորտի հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1 հոկտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 387

print page Տպել էջը