ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 1 հոկտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ս. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) եւ 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցություն հաստատելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Մարգարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցություն հաստատելու մասին համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի ապրիլի 4-ին Բիշկեկում՝ երկու երկրների միջեւ միջազգային համագործակցության զարգացման նպատակով:

2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները՝

եւ տրամադրել մյուս Պայմանավորվող կողմին համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքները,

եւ ազատել մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկության օդանավերը, ինչպես նաեւ դրանց հաշվեցուցակային գույքը, վառելիքի պաշարները ու քսանյութերը եւ այլ պաշարները բոլոր մաքսատուրքերից եւ նման այլ վճարումներից,

եւ Պայմանավորվող կողմերից մեկի ավիաձեռնարկությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքից կամ նրա տարածք փոխադրելու համար գանձվող սակագները սահմանելիս հաշվի առնել բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ շահագործման ծախսերը, խելամիտ շահույթը եւ մյուս ավիաձեռնարկությունների սակագները,

եւ տրամադրել աշխատանքի անհրաժեշտ թույլտվություններ, աշխատանքի տեւավորման համար այցագրեր կամ նման կարգի այլ փաստաթղթեր մյուս Պայմանավորվող կողմի այն ներկայացուցիչներին եւ անձնակազմին, որոնց մասին հիշատակվում է 7-րդ հոդվածի 1-ին կետում,

եւ վավերական ճանաչել մյուս Պայմանավորվող կողմի տված թռիչքների պիտանիության վկայագրերը եւ որակավորման վկայականները,

եւ ցուցաբերել մյուս Պայմանավորվող կողմին անհրաժեշտ օգնություն օդանավերի անօրինական զավթումը եւ այլ անօրինական գործողությունները կանխելու նպատակով,

եւ իրավունք վերապահել մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկությանն ազատ փոխանցել եկամուտների գումարները, որոնք այդ ավիաձեռնարկությունն ստացել է պայմանագրային չվագծերի շահագործումից:

3. Համաձայնագիրն ունի հավելված, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության նշանակած ավիաձեռնարկությունների օդային հաղորդակցության չվագծերը:

4. Համաձայնագրով նախատեսվում է նաեւ տեւեկատվության փոխանակման, վեճերի լուծման, համաձայնագրում փոփոխություններ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու կարգը:

5. Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների ժողովուրդների միջեւ բարեկամության, փոխըմբռնման, համագործակցության հաստատմանն ու պահպանմանը: Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 եւ 9 հոդվածների դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցություն հաստատելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1 հոկտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 388

print page Տպել էջը