ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 8 հոկտեմբերի 2002 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Լ. Ամիրջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու մասին 2002 թվականի մայիսի 7-ին Բրազիլիայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Ամիրջանյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի մայիսի 7-ին՝ Բրազիլիայում, որի նպատակը Կողմերի դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունները դյուրին դարձնելն է։

2. Համաձայնագրով Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնել միմյանց այն քաղաքացիներին, որոնք ունեն դիվանագիտական եւ ծառայողական վավերական անձնագրեր, ազատել Կողմերի տարածք մուտք գործելու արտոնագիր ստանալու պարտավորությունից, եթե այցելության կամ կեցության նպատակով այնտեղ գտնվելու ժամկետը չի գերազանցում 90 օրը՝ մուտք գործելու օրվանից հաշված։

Եթե Կողմերի դիվանագիտական եւ ծառայողական վավերական անձնագրեր ունեցող քաղաքացիները մյուս երկրի տարածքում պետք է գտնվեն 90 օրից ավելի ժամկետով, ապա պետք է նախապես ստանան մուտքի արտոնագիր, որը տրամադրվում է Կողմ հանդիսացող երկրի դիվանագիտական ներկայացուցչության կողմից՝ առանց գանձում կատարելու։

3. Ըստ համաձայնագրի՝ Կողմերի այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր, եւ որոնք, որպես դիվանագիտական ներկայացուցչության անդամներ, պաշտոնական ծառայությամբ գտնվում են մյուս Կողմի տարածքում (ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները), կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել եւ գտնվել մյուս Կողմի տարածքում իրենց ծառայության ողջ ժամկետի ընթացքում։

4. Կողմերի այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են մյուս Կողմի տարածքում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում Կողմերի պաշտոնական ներկայացուցիչներ կամ այդ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, եւ քանի դեռ նրանք ունեն վավերական դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր, կարող են իրենց ծառայության ընթացքում մուտք գործել մյուս Կողմի տարածք եւ գտնվել այնտեղ առանց որեւէ մուտքի արտոնագրի:

5. Համաձայնագիրը Կողմերին իրավունք է վերապահում համաձայնագրի դրույթները կասեցնել լիովին կամ մասամբ՝ ելնելով պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության պահպանման եւ այլ լուրջ պատճառներից։

6. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան երեսուն օր առաջ դիվանագիտական ուղիներով փոխանակել իրենց դիվանագիտական եւ ծառայողական գործող անձնագրերի նմուշօրինակներ՝ դրանք զուգակցելով օգտագործման վերաբերյալ մանրամասն տեղեկություններով։

Դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերում որեւէ փոփոխության դեպքում Կողմերը միմյանց կուղարկեն նոր նմուշօրինակները՝ դրանց կիրառելիության վերաբերյալ տեղեկությամբ հանդերձ, ոչ ուշ, քան գործածության մեջ մտնելուց երեսուն օր առաջ։

7. Համաձայնագիրը կատարված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պորտուգալերեն եւ անգլերեն։ Բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Մեկնաբանության տարբերությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2002 թվականի մայիսի 7-ին Բրազիլիայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 հոկտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 390

print page Տպել էջը