ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 8 նոյեմբերի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է Երեւանում՝ 2002թ. հուլիսի 17-ին եւ ուժի մեջ է մինչեւ 2002թ. դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ամրապնդել եւ զարգացնել տնտեսական համագործակցությունը։
2. Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությանը՝ Ռուսաստանի Դաշնության տրամադրած միջպետական վարկերի հիմնական գումարների մարումը եւ տոկոսավճարների վճարումը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանն ի սեփականություն հանձնելու միջոցով։
Ռուսաստանի Դաշնության տրամադրած պետական վարկերն այս միջոցով մարելու համար իրավական հիմք է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը պետական վարկեր տրամադրելու վերաբերյալ նախկինում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված առանձին համաձայնագրերով նախատեսված այն ընդհանուր դրույթը, որը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերը եւ հաշվարկված տոկոսները գույք տրամադրելու միջոցով մարելու հնարավորություն։
Այդ համաձայնագրերով պետական վարկի մարման եւ հաշվարկված տոկոսների վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներում հստակ ամրագրվել է գույք տրամադրելու միջոցով պետական պարտքը մարելու՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունը։
3. Հայաստանի Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնությանը վճարվելիք պետական պարտքը հիմնականում գոյացել է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված հետեւյալ համաձայնագրերով տրամադրված պետական վարկերի գումարներից.
- Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի վերաձեւակերպման վերաբերյալ 1997թ. հուլիսի 30-ին ստորագրված եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից 1997թ. սեպտեմբերի 24-ին վավերացված համաձայնագրով,
- 1996թ. օգոստոսի 23-ին ստորագրված եւ 1997թ. ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված՝ 1996թ. պետական վարկի մասին համաձայնագրով,
- 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված եւ դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված՝ ՀՀ կառավարությանը 1997թ. պետական վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրով,
- 1998թ. դեկտեմբերի 16-ին ստորագրված եւ 1999թ. ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված՝ ՌԴ կողմից Հայաստանի Հանրապետությանը 1999-2000թթ. պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագրով։
4. Քննության առարկա համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում Ռուսական կողմին տրամադրել Ռուսաստանի Դաշնությանն ի սեփականություն փոխանցվելիք գույքի ցանկը, ինչպես նաեւ համապատասխան գույքային օբյեկտների եռամյա տնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություններն ու հաշվեկշիռները։
Ըստ համաձայնագրի՝ Հայկական կողմն իր միջոցներով պետք է իրականացնի փոխանցվող գույքի աուդիտորական ստուգում, գույքի շուկայական արժեքի փորձագիտական գնահատում եւ գույքագրում։
Համաձայնագիրը նախատեսում է ՌԴ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով նախկինում ընդունված հաշվարկների եւ հաշվառման մեջ փոփոխություններ կատարելու կարգը։
5. Գույքային օբյեկտների փոխանցումը կկատարվի միջկառավարական արձանագրությունների, հանձնման-ընդունման ակտերի հիման վրա։ ՀՀ կառավարության՝ պետական գույքը կառավարելու լիազորությունը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 89 հոդվածի 3 կետով։
6. ՀՀ Սահմանադրության 9 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Հայաստանի Հանրապետությունը միացել է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիային, որի 26 հոդվածին համապատասխան յուրաքանչյուր գործող պայմանագիր պարտադիր է դրա մասնակիցների համար եւ նրանց կողմից պետք է կատարվի բարեխղճորեն։ Քննության առարկա համաձայնագիրը համահունչ է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարելու՝ միջազգային իրավունքի (pacta sunt servanda) հիմնարար սկզբունքին եւ ապահովում է Հայաստանի Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության հետ նախկինում կնքված եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված՝ պետական վարկեր տրամադրելու վերաբերյալ վերոհիշյալ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
8 նոյեմբերի 2002
թվականի
ՍԴՈ - 393