1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԿԻՈՏՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 19 նոյեմբերի 2002 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեւակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1997 թվականի դեկտեմբերի 11-ին Կիոտոյում ստորագրված՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Այվազյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Արձանագրության ստորագրմամբ կողմերը նպատակ են հետապնդել ՄԱԿ-ի շրջանակներում 1992թ. մայիսի 9-ին Նյու Յորքում ընդունված՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի վերջնական նպատակին հասնելու, ինչպես նաեւ միջազգային-իրավական այլ պարտավորություններով նախատեսված բնապահպանական խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար զարգացնել միջպետական համագործակցությունը, որը նախատեսվում է իրականացնել հետեւյալ հիմնական բնագավառներում.
- էներգիայի սպառման արդյունավետության բարձրացում,
- ջերմոցային գազերի կլանման եւ կուտակման, վնասակար այլ նյութերի արտանետումների սահմանափակման ու կրճատման, անտառային տնտեսության վարման, անտառապատման եւ անտառվերականգնման գործընթացների արդյունավետության բարձրացում,
- գյուղատնտեսության կայուն ձեւերի խրախուսում,
- էներգիայի նոր եւ վերականգնվող ձեւերի ուղղությամբ հետազոտական աշխատանքների իրականացում, նոր տեխնոլոգիաների ներդրում,
- բնապահպանական խնդիրների լուծման բնագավառում շուկայական կարգավորիչ միջոցների կիրառման արդյունավետության բարձրացում,
- բնապահպանական խնդիրների լուծման բնագավառում միջազգային փորձի տարածում եւ տեւեկատվության փոխանակում:
2. Արձանագրությամբ կարեւորված է այն սկզբունքը, համաձայն որի՝ միջազգային համագործակցության վերոհիշյալ բնագավառներում նվազագույնի պետք է հասցվեն սոցիալական, բնապահպանական ոլորտներում հնարավոր բացասական հետեւանքները զարգացող եւ անցումային տնտեսությունների, անբարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող պետությունների, ինչպես նաեւ՝ միջազգային առեւտրի բնականոն ընթացքի համար, որն իրական պայմաններ է ապահովում Հայաստանի Հանրապետության համար երաշխավորված կերպով իրականացնել Սահմանադրության 10 հոդվածում ամրագրված՝ շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերարտադրությունը, ինչպես նաեւ բնական պաշարների բանական օգտագործումն ապահովելու սահմանադրաիրավական սկզբունքը:
3. Որպես նախատեսված միջոցառումների կատարումն ապահովող նախապայման՝ կողմերը պարտավորվել են, արձանագրության բաղկացուցիչ մասը կազմող «Ա» եւ «Բ» հավելվածներին համապատասխան, տնտեսական գործունեության նախատեսված բնագավառներում, 1990թ. համեմատ՝ մինչեւ 2008-2012թթ., իրականացնել արտանետումների քանակական կրճատումներ՝ առնվազն հինգ տոկոսի չափով, այն պայմաններով, որոնք մանրամասնված են արձանագրության 3 եւ հետագա հոդվածներում:
4. Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայով, ինչպես նաեւ սույն արձանագրությամբ նախատեսված միջոցառումների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով, կողմերի համար սահմանված է մարդածին ներպետական արտանետումների քանակական եւ որակական ընթացիկ եւ հեռանկարային վերլուծություն եւ ազգային զեկույցների ձեւով դրանց՝ Կողմերի խորհրդակցության քննարկմանը ներկայացում, նկատի ունենալով նաեւ շուկայական տնտեսության անցման փուլում գտնվող կողմերի համար որոշակի արտոնյալ պայմանների նախատեսման անհրաժեշտությունը՝ կապված տնտեսական զարգացման կայունության ապահովման հիմնախնդիրների հետ, որը նաեւ կայուն բնապահպանական պայմաններ է երաշխավորում Հայաստանի Հանրապետության համար՝ երաշխավորելով ՀՀ Սահմանադրության 8 հոդվածում ամրագրված տնտեսական ներպետական գործունեության իրականացման սահմանադրաիրավական սկզբունքների անխախտելիության ապահովումը:
5. Որպես արձանագրության շրջանակներում համագործակցության եւ կողմերի ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարումն ապահովող երաշխիք, նախատեսված է, որ Կողմերի խորհրդակցությունը՝ որպես արձանագրությամբ նախանշված համագործակցությունը ղեկավարող մարմին, քննության է առնում փորձագիտական խմբերի ներկայացրած զեկույցը՝ արձանագրության իրականացման բոլոր պայմանների մանրակրկիտ եւ համապարփակ վերլուծությամբ, գնահատելու համար կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման վրա ազդող ցանկացած հիմնահարց եւ գործոն, ինչպես նաեւ իրականացնում է արձանագրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
6. Արձանագրությամբ ամրագրված է նաեւ բնապահպանական խնդիրներում կողմերի ներպետական, տարածաշրջանային եւ համընդհանուր շահերի զուգորդման սկզբունքը, համաձայն որի, այն կողմերը, որոնք Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայով եւ սույն արձանագրությամբ ստանձնել են մարդածին արտանետումների կրճատման հիմնական պարտավորությունները, ազգային զեկույցների համար ընդունված ղեկավար սկզբունքների համաձայն, ծրագրում եւ համապատասխան ծախսումներով իրականացնում են արտանետումների բացասական հետեւանքները մեւմող տարածաշրջանային ծրագրեր՝ հաշվի առնելով արձանագրության մասնակից կողմ հանդիսացող զարգացող պետությունների տնտեսական գործունեության անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրը, մասնավորապես նաեւ ֆինանսական լրացուցիչ այնպիսի միջոցներ տրամադրելու մասով, որն անհրաժեշտ կլինի զարգացող պետություններին, այդ թվում նաեւ՝ Հայաստանի Հանրապետությանը, փոխհատուցել կլիմայի փոփոխության անբարենպաստ հետեւանքների վերացման նպատակով նախկինում կատարած նպատակային ծախսումները, ինչպես նաեւ ապահովել շրջակա միջավայրի պահպանությունն ու վերարտադրությունը: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ պայմաններ են ստեւծվում նաեւ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներով միջպետական համագործակցության իրականացման համար:
7. Արձանագրությամբ մանրամասնված են Կողմերի խորհրդակցության եւ օժանդակ մարմինների գործառույթները, դրանց իրականացման կարգն ու պայմանները: Նախատեսված են նաեւ արձանագրության շրջանակներում տնտեսական համագործակցության տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցության պայմանները եւ կարգը: Միաժամանակ, արձանագրության հիմնական դրույթներն իրենց բնույթով ոչ միայն չեն խոչընդոտում բնապահպանական ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորությունների կատարմանը, այլեւ պայմաններ են ստեւծում այդ բնագավառում միջպետական համագործակցության զարգացման համար:
8. Արձանագրությամբ նախատեսված են նաեւ դրանում ուղղումներ եւ վերապահումներ կատարելու, վավերացման, ուժի մեջ մտնելու, արձանագրությունից դուրս գալու ընթացակարգային պայմանները: Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1997 թվականի դեկտեմբերի 11-ին Կիոտոյում ստորագրված՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
19 նոյեմբերի 2002 թվականի
ՍԴՈ - 394